Մարտի լույս 19-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում աներոջ ուղղությամբ կրակոցներ արձակելու ու սպանելու դրդապատճառը վարույթ իրականացնող մարմինը դեռ չի պարզել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց գործով մեղադրյալի պաշտպան Արման Սարգսյանը:
«Կոնֆլիկտ չի եղել, բացարձակ ոչ մի կոնֆլիկտ, որը հետո կհանգեցներ միմյանց միջեւ հաշվեհարդարի»,- ասաց փաստաբանը: Մեր հարցին, թե փորձաքննությամբ արդեն պարզվե՞լ է, թե արդյոք դեպքի պահին իր պաշտպանյալը եղել է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ, պաշտպանը չպատասխանեց, ասաց՝ նախաքննության ընթացքում հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրել:
Ինչն էր կրակոցի պատճառը հարցին, փաստաբանը պատասխանեց. «Կրակոցի պատճառը մենք էլ ենք փորձում հասկանալ, վարույթ իրականացնող մարմինն էլ է փորձում հասկանալ՝ ինչն է կրակոցի պատճառը, այս պահին չենք կարող ասել, բայց, համենայնդեպս, ողջամիտ, տրամաբանական պատճառ, թե ւ այդ կրակոցն ինչու կարող էր արձակվել, այս պահին չկա»:
Մեր դիտարկմանը, թե մի քանի կրակոց է արձակել, ձեր պաշտպանյալը չի՞ հայտնել պատճառը, փաստաբանն ասաց՝ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրել: Սպանությունը տեղի է ունեցել մեղադրյալի տանը: