Կոտայքի մարզի բնակիչը, որը facebook-ում ահազանգել էր, որ «Գինաց» ռեստորանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հավաքույթ է անցկացվել, ինչը բարձրաձայնելու համար ռեստորանի տնօրենի բարեկամներն իրեն պարզաբանման էին կանչել ու հարվածել, պնդում է՝ «Գինաց» ռեստորանի տնօրենը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տրամադրել Aravot.am-ին:
Ըստ այդ բնակչի՝ մասնավորապես, իրականությանը չեն համապատասխանում տնօրենի ասած տեղեկությունները, թե իրեն տեսնելու է գնացել մի հոգի: Ըստ տուժած բնակչի՝ իր հետ հանդիպման են եկել երկու հոգի, ինքը նույնիսկ ֆիքսել է նրանց մեքենայի համարանիշը, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել հայտնաբերել նրանց եւ բերման ենթարկել:
Տուժող կողմը պնդում է նաեւ, որ այդ երիտասարդներին մինչ այդ դեպքը չի ճանաչել: Նա նաեւ վստահեցնում է, որ ռեստորանում անցկացված հավաքույթի մասին իր գրառման տակ չի եղել «թող իրենց ընտանիքները վարակվեն» բովանդակությամբ մեկնաբանություն, ինչպես Aravot.am-ին հայտնել էր ռեստորանի տնօրենը:
Կարդացեք նաև
Ռեստորանի տնօրենի այն տվյալները, թե՝ «գրառման հեղինակը միշտ վատ բաներով է հանդես եկել», ըստ ստատուսի հեղինակի, նույնպես չի համապատասխանում իրականությանը: Նա նաեւ ռեստորանի տնօրենից այդ հայտարարության վերաբերյալ փաստեր է պահանջում եւ վստահեցնում է, որ ոստիկանությունում իր տված ցուցմունքում իրեն ծեծելու դեպքը չի պայմանավորել «պոչկի քարերի» հետ: