«Գագիկ Բեգլարյանի համար անակնկալ էր այս գործով իբրեւ մեղադրյալ ներգրավվելը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանը:
Հիշեցնենք, օրերս ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել`տեղեկացնելով, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Քրեական գործը վերաբերում է ավագանու «ապօրինի որոշմանը», որի հիման վրա 2008 թվականի դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացին: Սույն գործով Գագիկ Բեգլարյանը ներգրավվել է իբրեւ մեղադրյալ, քանի որ, իբր. «2009թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք:
Գագիկ Բեգլարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Իսկ բուն մեղադրանքի մասով, պաշտպան Հրանտ Անանյանը հստակեցնում է` ՀՀ կառավարության կողմից դեռևս 1997 թվականի թիվ 42 որոշմամբ տվյալ տարածքը հատկացվել է Կենտրոն համայնքային, որպես ոչ բնակելի հասարակական տարածք և 16.03.2009 թվականին գործառնական նշանակություն Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի փոխել, այլ փաստացի վիճակի արձանագրում է տեղի ունեցել: Սա, ըստ պաշտպանի, որևէ իրավական հետևանք չի առաջացրել, սակայն եթե անգամ առաջացներ անօրինականության տար այդտեղ չկա: Հրանտ Անանյանը ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա էլ`վիճելի մանկապարտեզին, որը եղել է առանձին ինքնուրույն կազմակերպություն, տվյալ տարածքը չի պատկանել, ոչ էլ իրավական հիմք է եղել այն մանկապարտեզի կողմից օգտագործելու համար: Մանկապարտեզն այդ տարածքում ուղղակի փաստացի գործունեություն է իրականացրել: Օտարված գույքը, ըստ պաշտպանի, գնահատել է լիցենզավորված կազմակերպությունը, հետեւաբար, նաեւ օտարման գինը իր պաշտպանյալը չի որոշել: Այս մասով եւս քննչական մարմինը չի ներկայացրել հակառակի մասին ապացույցներ: Պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալի գործունեությունն օրինական է եղել:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարությանը, մասնավորաբար այն հատվածին, որ Գագիկ Բեգլարյանը լքել է Հայաստանը եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, Հրանտ Անանյանը հստակեցնում է`Գագիկ Բեգլարյանը 2019 թվականի սեպտեմբեր ամսից է մեկնել Հայաստանից`բուժման նպատակով: Գագիկ Բեգլարյանինը հարցաքննության է կանչվել ԱԱԾ-ի հաղորդագրության տարածումից մեկ օր առաջ:
Հրանտ Անանյանը նկատում է. «Անգամ տեսականորեն իմ պաշտպանյալը չէր կարող ԱԱԾ քննչական դեպարտամենտի հրավիրվելով գալ Հայաստան ՝որպես մեղադրյալ հարցաքննության, մեկ օր առաջ ընտանիքի անդամին հանձնված ծանուցագրով»: Հրանտ Անանյանը նաեւ հայտարարում է, որ սույն գործով իր պաշտպանյալին նախկինում երբեւէ ե որևէ կարգավիճակով հարցաքննության չեն հրավիրել, թեեւ իրենց հասած նյութերով, սույն գործը քննել է 2019 թվականի մայիս ամսից:
Քննչական մարմինը նաեւ անտեսել են պաշտպանի նախօրոք ներկայացված գրությունը`Գագիկ Բեգլարյանի չներկայանալու պատճառների վերաբերյալ: Հրանտ Անանյանը պնդում է`հայտարարված հետախուզումն անօրինական է:
Թե Գագիկ Բեգլարյանը ե՞րբ կավարտի բուժումը եւ կվերադառնա Հայաստան, պաշտպանը չգիտի: Բայց նա արտառոց ոչինչ չի տեսնում նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխությունից հետո նախկին շատ պաշտոնյաներ մեկնեցին Հայաստանից`առողջական խնդիրների պատճառով: Ասում է`նախկինում իրենց առողջական խնդիրներին ժամանակ չեն տրամադրել:
Ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման, մեր զրուցակիցը սա նույնպես անհիմն է համարում: Որոշման մեջ նշված է իբր 23.12.2008 թվականին Կենտրոն համայնքի ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամներից 8-րդը՝ Դավիթ Դավթյանը չի մասնակցել, իբր բացակայել է Հայաստանից: Մինչդեռ, պաշտպանի հավաստմամբ, իրենք կալանավորման միջնորդության քննարկման միջանկյալ հատվածում ձեռք են բերել և ներկայացրել են անհերքելի փաստեր և ապացույցներ, որ տվյալ ավագանու անդամը գտնվել է Հայաստանում. «Տվյալ անձի սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքում առկա է առնվազն խոտան, դրանում նշված սերիա և համարով անձնագիր նա անգամ չի ունեցել: 2011 թվականը օգտագործված անձնագիրը ներկայումս առկա է և դրանում առկա գրառումների համաձայն տվյալ անձը գտնվել է Հայաստանում»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ Դավիթ Դավթյանը նաեւ գրավոր հարցմամբ պնդել է, որ տվյալ օրվա նիստի արձանագրությունը հենց ինքն է ստորագրել: Պաշտպանը պնդում է, որ անտեսելով այս անհերքելի ապացույցները, դատարանը մի քանի դատական նիստ քննելով վերոնշյալը կալանավորելու որոշում կայացրեց՝ «ընդառաջելով» ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:
Հրանը Անանյանն ասաց, որ այս որոշումը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Բողոքը հիմնականում պատրաստ է, հավանաբար վաղն էլ այն կներկայացնի:
Խնդիրը, մեր զրուցակիցը դիտարկում կամայական մեկնաբանության տիրույթում, մեղադրանքն էլ շատ թույլ է համարում, առավել եվս, կալանավորման հիմք չի տեսնում, քանի որ դատարանը չի հիմնավորել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հոդվածներով կալանավորման համար անհրաժեշտ ապացույցները. «Վերցական գրել են` դատարանը գտնում է`կա, բայց դա շատ քիչ է, դատարանը պետք է հստակ ներկայացնի ի՞նչ կա եւ ինչո՞ւ կա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ