Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ 2019թ.-ին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանը, ինչպես նաեւ Սարգիս Օհանջանյանը տեսախցիկով մոտեցել էին Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին եւ նկարահանելով` հարցեր հղել, հարուցվել էր քրեական գործ: Երիտասարդները մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
Մեղադրյալների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանն (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Այսօրվա նիստում ներկայացվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, սահմանվել է ապացույցների հետազոտման կարգը: Ուսումնասիրվել են փաստաթղթային ապացույցները, այնուհետեւ լսելու ենք գործով տուժողին՝ դատավոր Աննա Դանիբեկյանին եւ վկաներին՝ դատական կարգադրիչներին եւ արդարադատության ակադեմիայի աշխատակցին»:
Արամ Վարդեւանյանը նշեց. «Թեեւ այս ընթացքում խոսել ենք այդ մասին, սակայն միայն այսօրվա նիստում պարզ դարձավ, որ միջադեպի ամբողջական տեսանյութը քրեական գործի նյութերում առկա չէր, փոխարենն առկա էր դրա կիսատ տարբերակը՝ 10 րոպե տեւողությամբ, իսկ ամբողջականը, որում երեւում է, թե ինչպես է Նարեկ Մութաֆյանը մոտենում, բարեւում Աննա Դանիբեկյանին, մոտ 14 րոպե է: Իհարկե, նշեցի, որ սա վկայում է գործի քննության օբյեկտիվության եւ բազմակողմանիության բացակայության մասին: Միջնորդեցի, որ տեխնիկական միջոցներով ապահովվի ամբողջական եւ կրճատ տեսանյութերի ուսումնասիրությունը: Դրանից հետո կանդրադառնանք տուժողի ցուցմունքին»:
Կարդացեք նաև
Արամ Վարդեւանյանի փոխանցմամբ՝ այս գործով տուժող, դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին չէր ներկայացել նիստին՝ առանց որեւէ տեղեկություն հղելու դատարանին. «Զարմանալի է, որ մեղադրողը, որն ավելի շահագրգռված պետք է լիներ տուժողի ցուցմունքի ներկայացմամբ եւ տուժողի առկայությամբ, դատարանին նախադեպը չունեցող միջնորդություն ներկայացրեց, որ տուժողը չներկայանա, եւ մենք սահմանափակվենք նախաքննական ցուցմունքով: Ըստ էության, դատարանն անգամ չանդրադարձավ այդ միջնորդությանը՝ հայտարարելով, որ ծանուցում է ուղարկելու տուժողին՝ հաջորդ նիստին ներկայանալու համար: Ես արձանագրեցի՝ արդեն ամրագրված գործընթաց է այն փաստը, որ վարչապետը, ԱԺ փոխխոսնակը եւ այլ պաշտոնյաներ գալիս են դատարան, ներկայացնում իրենց նախաքննական ցուցմունքը եւ ենթարկվում հակընդդեմ հարցման: Ինչպե՞ս է պատահում, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց տիկին Դանիբեկյանն այլ կերպ է կարծում: Հետաքրքիր է, որ մեղադրողը դա խրախուսում է, եւ ոչ թե փորձում է դա կանխել»:
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ դատավարության մասնակիցները կրել են դիմակներ, պահպանել տարածություն՝ հետամուտ լինելով արտակարգ իրավիճակով պայմանավորված առողջապահական ցուցումներին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ 16:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Տեսանյութը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ յութուբյան էջից