ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
«Մեծարգո պարոն նախագահ,
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, և կանխարգելման միջոցների կազմակերպման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորելով իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողության իրավաչափ լինելը, Ձեզ եմ ներկայացնում իմ նախընտրական շտաբի իրավաբանների խմբի կողմից մշակված արտակարգ դրություն հայտարարելու գործողության իրավական հիմնավորումները:
Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, Դուք կհայտարարեք արտակարգ դրություն և մեր կողմից ներկայացված հիմնավորումները կօգնեն Ձեզ իրավաչափ որոշում կայացնելու գործում:
Կարդացեք նաև
Հարգանքով՝
ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արձանագրված փաստ է աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը: Այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որակվել է որպես պանդեմիա:
ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել, հաշվի առնելով հենց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) հաստատված դեպքերը և դրա հնարավոր տարածման ռիսկերը: 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 265 նշված վարակի դեպք:
Գտնում եմ, որ ստեղծված իրավիճակը հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետությունում ևս հայտարարելու արտակարգ դրություն:
1) Արցախի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում» :
2) Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ մասը որը վերաբերում է Նախագահի լիազորություններին նախատեսում է, որ. «Հանրապետության նախագահը՝ …աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ»:
3) Արցախի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»:
4) Այսինքն` Սահմանադիրը հստակ տարանջատում է «արտակարգ դրություն» և «արտակարգ իրավիճակ» եզրույթները:
5) Արտակարգ դրության հիմքը՝ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն է:
6) «Արտակարգ դրություն» և «արտակարգ իրավիճակ» իրավական ռեժիմները տարանջատված են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում: Հատկանշական է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը հստակ նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է»: Այսինքն` սպառնալիքը պետք է ուղղված լինի հենց և բացառապես Սահմանադրական կարգին:
7) ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերում, ինքնին որպես իրավական առանձին և/կամ միակ հիմք չի հիշատակվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում առկա «արտակարգ իրավիճակները» ձևակերպումը: Հարցը դիտարկվել է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող վտանգների լույսի ներքո: Նշվածը պայմանավորված է նրանով, որ ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում, է որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն»: Այսինքն` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրության նորմերը համանման են այդ տեսանկյունից և նույն բացառիկ հիմքն են նախատեսում արտակարգ դրություն հայտարարելու համար, այն է «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը»:
8) Արցախի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:
9)Այսինքն` տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու հիմքը և հիմնավորումը պետք է դիտարկել առհասարակ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի եզրույթի լույսի ներքո: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ…:»: Այսինքն օրենսդիրը հաշվի առնելով Սահմանադրությամբ երաշխավորված հիմքը որոշակիորեն մանրամասնել է այն, դրանով իսկ օգտագործելով «ներառյալ» եզրույթը:
10) Այն հանգամանքը, որ «արտակարգ իրավիճակներ» ձևակերպումը ի տարբերություն ՀՀ օրենսդրության առկա չէ, որևէ կերպ չի կարող արգելափակել արտակարգ դրության հայտարարումը արտակարգ իրավիճակներում, քանի որ ցանկացած արտակարգ իրավիճակը, որը ինքնին հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնացող արդեն իսկ հիմք է արտակարգ դրություն հայտարարելու համար, իսկ դրա շրջանակը ոչ մի երկրում չի կարող սպառիչ թվարկվել, քանի որ դրանք անկանխատեսելի են:
11) Կրկին պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հղում չի տվել օրենսդրական ձևակերպմանը, քանի որ հիմքը թե Հայաստանում թե Արցախում հանդիսանում է հենց Սահմանադրության ուժով ձևակերպված՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալը:
12) Արդյունքում ՀՀ կառավարությունը գտել է , որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկերը և վտանգները այնպիսին են, որ ինքնին հանդիսանում են հենց սահմանադրական կարգին սպառնալիք:
13) Նշվածը պայմանավորված է նրանով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ այն որակվել է որպես պանդեմիա, այն հանդիսանում է ուղղակի սպառնալիք մարդկանց կյանքին և առողջությանը, իսկ ՀՀ-ում և ԱՀ-ում Սահմանադրական կարգի հիմունք-նորմ /երկու դեպքում էլ 3-րդ հոդվածում ամրագրված/ հանդիսանում հետևյալը «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»: Այսինքն ցավալիորեն կորոնավիրուսային հիվանդությունը հենց սպառնալիք է սահմանադրական կարգի առանցքին՝ մարդկանց իրավունքներին և դրանց նկատմամբ պետության երաշխավորման պարտականությանը:
14) Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է նաև սահմանադրական կարգի մեկ այլ սկզբունքի ՀՀ-ում և ԱՀ-ում ամրագրված /երկու դեպքում էլ Սահմանադրության 1-ին հոդված/ սոցիալական պետություն սկզբունքին և կրկին դրանից բխող պետության պարտականությունների հնարավոր արգելափակմանը:
15), այսինքն` տվյալ դեպքում առկա է ԱՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքը, ինչպես ներկայացվեց Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածների մասով, որոնք հանդիսանում են սահմանադրական կարգի հիմունքներ և առկա է դրա կանխարգելման անհրաժեշտությունը:
16) Միջազգային փորձը, այդ թվում Հայաստանի Հանրապետության փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ենթադրում են մարդու իրավունքների սահմանափակումներ և հրատապ գործողությունների կատարում, որոնք առավել արդյունավետ կարող են իրացվել հենց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում, այլ ոչ «արտակարգ իրավիճակի» պայմաններում»:
Արցախի Հանրապետության Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրասենյակ