Այսօր կառավարութան նիստում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների երկրորդ փաթեթը, որը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին: Այս առնչությամբ, կառավարության մամուլի կենտրոնում ասուլիս էին հրավիրել էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը:
Արման Խոջոյանն ասաց, որ բոլոր գործիքները, որոնք մշակել են, ուղղվելու են նրան, որ գյուղացու համար 0 տոկոս տոկոսադրույք սահմանվի: Միկրովարկերը՝ մինչեւ 1 մլն դրամ, զրո տոկոս տոկոսադրույքով են տալու: Բանկը կարող է տալ վարկը, 9 ամիս արտոնյալ ժամկետ է սահմանվելու մայր գումարի համար, բերքը ցանի, արդյունքը տեսնի ու սկսի մարել:
Կան մինչեւ 5 տարի ժամկետով վարկեր, որոնց արտոնյալ ժամկետը 12 ամիս է: Այստեղ առանձնացված են այն ճյուղերը, որոնք առավել շահութաբեր ու արդյունավետ ուղղություններն են՝ ինտենսիվ այգիների հիմնում, ջերմոցաշինություն, խելացի անասնաֆերմաներ հիմնելը:
Սա շատ լավ առիթ է, որ չմշակվող հողատարածքները սկսեն մշակել: Ինտենսիվ այգիների գործիքը հնարավորություն է տալիս, որ մինչեւ 100 հա հողի վրա այգեհիմնման աշխատանքներ կատարվեն, սահմանվում է յուրաքանչյուր վարկառուին մինչեւ 2,5 մլրդ դրամ գումար. «Կարող է ձեռք բերել տնկին, տնկանյութը, այգին ստեղծել, 5 տարի ժամկետում ոչ մի տոկոս, ոչ մի մայր գումար չի վճարում: Դրանք այն տեսակի տնկիներն են, որոնք երկրորդ տարուց բերքի են գալիս, երրորդ տարում ամբողջական բերք է լինում: Մենք ասում ենք՝ եթե դու վարկ ես վերցնում, ոչ միայն տնկանյութի, այգեհիմնման աշխատանքի համար ես վերցնում, այլ առաջին տարվա ամբողջ խնամքի ծախսերն է վերցնում: Մեկ տարի ոչ մի ծախս չի պահանջվում քեզնից»,- ասաց Խոջոյանը:
Կարդացեք նաև
Նման այգեհիմնման աշխատանքները, փոխնախարարի խոսքով, իրենց հետգնելիությունը, այսինքն, այն գումարը, որը դրվում է գործի մեջ, հետ է ստանալու 3 տարվա ընթացքում: 4-րդ տարում արդեն գումար կգեներացնի, մեծացնի տնտեսությունը, ներդրումներ անի եւ 5-րդ տարում լրիվ պատրաստ կլինի վարկը մարել: Խոջոյանն ասաց, որ ոռոգման արդիական համակարգերի համար էլ առանձին գործիք են տալիս՝ 150 մլն դրամ՝ 3 տարի արտոնյալ ժամկետով. «Մարդիկ գումար են ծախսում, մտածում են՝ բա եթե կարկուտ գա: Կարկուտը գյուղացու համար ամենացավոտ ռիսկերից մեկն է: Պետությունն առաջարկում է երկու տարբերակ: Կարկուտի դեմ միակ լավագույն տարբերակը աշխարհում, որ փորձված է, հակակարկտային ցանցերն են: Մենք ասում ենք, որ կարկտապաշտպան ցանցերի համար տալիս ենք 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորում՝ 0.5-10 հա հողատարածքի համար, արտոնյալ ժամկետը 1 տարի է, կարող ես օգտագործել 7 տարի: Եթե չես ուզում կարկտապաշտպան ցանց, այստեղ պետությունը ապահովագրության գործիքն է առաջարկում: Եթե դու հասկանում ես, որ կարկուտը ռիսկ է, կարող ես ապահովագրել քո բերքը: Դու վարկ ես վերցրել, մտել ես բիզնեսի մեջ, դա կիրառում ես, որ մեղմես հնարավոր կորուստները»:
Վերամշակողներին առաջարկվում է 0 տոկոս տոկոսադրույք վարկեր 1,8 մլրդ դրամի չափով: Այս ծրագիրը արդեն կար, հիմա երկարացված է վարկի մարման ժամկետը:
Փոխնախարարն ընդգծեց, որ եթե այս ծրագրերի կիրառման ժամանակ խնդիրներ լինեն, այն ճկուն է, կփոխեն, կհարմարեցնեն:
Տիգրան Գաբրիելյանն էլ ասաց, որ արտոնություններ կան նաեւ անասնապահության ոլորտում: Ֆերմերները տոհմային կենդանիներ կարող են ձեռք բերել՝ 0% վարկով, գումարը՝ 300մլն դրամ, մինչեւ 5 տարի ժամկետով, որից առաջին տարին՝ արտոնյալ: Կարող են հղի կովեր ձեռք բերել, ծնեն, մեկ տարի հետո նոր սկսեն վարկը մարել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ