ԱՄՆ-ում շարունակում է ավելանալ կորոնավիրուսով հիվանդների թիվը. երկրում կա հաստատված շուրջ 70 հազար դեպք, միայն Նյու Յորքում հաստատվել է ավելի քան 30 հազար դեպք, հիվանդության հետևանքով մահացության թիվը մոտենում է 1000-ի: Ինչպես հաղորդում է BBC-ն, մահացության ցուցանիշները բարձր են հինգ նահանգներում՝ Նյու Յորք (368), Վաշինգտոն (133), Կալիֆոռնիա (67), Լուիզիանա (65), Նյու Ջերսի (62):
Նշենք, որ ԱՄՆ սենատը երկրի տնտեսությանն աջակցելու նպատակով ընդունել է երկու տրիլիոն դոլարի օգնություն հատկացնելու օրինագիծը, ինչն օգնության ամենամասշտաբային փաթեթն է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում:
Բավականին դժվար իրավիճակ է նաև Եվրոպայի հարավում: Իսպանիան մահացության ցուցանիշով (3434 մարդ) առաջ է անցել Չինաստանից (Ջոն Հոփքինսի անվան ինստիտուտի տվյալներով՝ 3291 մարդ): Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 738 մարդ: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7503 մարդ:
Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են խստացնել համավարակի տարածումը կանխող միջոցառումները: Ֆրանսիական քաղաքներում պարեկություն են անում հարյուր հազարավոր ոստիկաններ: Կարանտինի ռեժիմը խախտողներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում: Մթերային խանութ կարող է գնալ ընտանիքի անդամներից միայն մեկը:
Կարդացեք նաև
Գերմանիայում կարելի է դուրս գալ զբոսնելու ամբողջ ընտանիքով, բայց պետք է պահպանել հեռավորություն: Այստեղ մահացության ցուցանիշը ցածր է՝ ի տարբերություն եվրոպական մյուս երկրների, բայց վարակաբանները նախազգուշացնում են, որ իրավիճակը կարող է փոխվել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ