Այսօր կառավարության նիստում, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական չեզոքացման 5-րդ միջոցառման ծրագիրը, որից հետո կառավարությունն այն հաստատեց:
Միջոցառումների ծրագիրը վերաբերում է փոքր բիզնեսին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով ասում են, որ այն ընկերությունները, որոնք ի հեճուկս դժվար ժամանակների՝ չեն կրճատել աշխատողներին, ստանում են պետության կողմից դրամաշնորհ:
Ըստ Տիգրան Խաչատրյանի, մեկանգամյա աջակցություն կտրամադրվի առանձին տնտեսավարողներին՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով: Ծրագրի շահառու են այն տնտեսավարողները, որոնք 01.01.2020 թվականից մինչեւ 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչեւ 50 վարձու աշխատակից եւ նշված ընկերությունների վճարած աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Բացառություն կկազմեն բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները եւ ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչներն ու այլ նմանատիպ գործունեություն ծավալողները:
Կարդացեք նաև
Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց. «Օրինակ՝ եթե կազմակերպությունն ունեցել է 1 աշխատակցի հաշվով 150 հազար դրամ եւ ունեցել է 17 աշխատակից, որը երեք ամբողջական հինգ մաս է պարունակում, ապա ստանալու է երեք անգամ 150 հազար դրամ, այսինքն՝ 450 հազար դրամ միանգամյա դրամաշնորհ, 20-ը՝ կնշանակի չորս անգամ միջին աշխատավարձ, 25-ը՝ հինգ անգամ միջին աշխատավարձ: Իսկ մինչեւ հինգ աշխատակից ստացողներին պարզապես միջին աշխատավարձի չափով համամասնորեն վերադարձ է կատարվելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ