Կտրամադրվի օժանդակություն կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Այսօր այս մասին հայտնի դարձավ կառավարության նիստում: Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 4-րդ միջոցառումը։
Նախագիծը նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա ասաց, որ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա եւ առկա են հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը՝ երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողն աշխատանք չի ունեցել:
Բացի այդ՝ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 26-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած: Չորրորդ պայմանն էլ՝ երբ միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ մարտի 26-ը ընկած ժամանակահատվածում:
Նախարարը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձեւով. «Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, կամ 100 հազար դրամի սահմաններում»:
Կարդացեք նաև
Վարչապետն ասաց, որ աջակցություն կստանան մինչև մարտի 13-ից 25-ը կորոնովիրուսից տուժած ընտանիքները։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ