Կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է գրանցվել Երեւանում: Քաղաքացին առավոտյան իր երկու շանը զբոսանքի տանելու ժամանակ նկատել է, որ մի մեքենայի հետնամասից կապված շուն կա. Opel մակնիշի 35 FS 915 համարանիշով (երեւում է նրա արած լուսանկարներում) մեքենան ընթանում է՝ կենդանուն քարշ տարով հետնամասից:
Քաղաքացին հասել է մեքենային եւ տեսանկարել, ապա՝ լուսանկարել մեքենայում գտնված երկու անձանց:
Կարդացեք նաև
Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում ականատեսը պատմեց. «Արցախի փողոցում է եղել: Սկզբում ինձ թվաց, թե շունն ընկնում է մեքենայի տակ, հետո, երբ մեքենան թեքվեց, տեսա, որ կապված է: Մեկ այլ՝ չկապված շուն էլ վազում էր մեքենայի մյուս կողմից: Դողալով, հուզված վազեցի, որ նկարեմ, գոռացի, որ կանգնի: Գոռում էի, սակայն մեքենան ընթացքն արագացնում էր, շունն էլ՝ փռվում գետնին: Հետո աջ քաշեցին, կանգնեցին, իրենց թվաց՝ ինձ կորցրել են տեսադաշտից, սակայն մոտեցա եւ նկարեցի, ասացին՝ «արա, ի՞նչ ես նկարում, լավ եմ անում՝ ընկերոջս շունն է»…
Հայհոյեց, մյուս շունը փորձեց հարձակվել իմ շների վրա, կանխեցի: Մի պապիկ մոտեցավ ու ասաց՝ «ինչո՞ւ ես աղջկան նման բաներ ասում, ես նրան ճանաչում եմ», ի պատասխան հայհոյանք հնչեց: Այդ տղամարդկանցից մեկը նստեց մեքենան ու գնաց, մյուսն էլ սկսեց իմ հետեւից գալ: Ես էլ վազեցի երկու շներիս հետ, ու կորանք նրա տեսադաշտից»:
Հիշեցնենք, որ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը ՀՀ-ում քրեորեն պատժելի արարք է:
ՀՀ ոստիկանությունն այս առնչությամբ տարածել է հետեւյալ պարզաբանումը. «Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ին դիմելու հեռախոսահամար՝ +374 95 85 99 06