Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Հույս ունեմ՝ առողջ եք բոլորդ:
Կորոնավիրուսի հետ կապված մեր այսօրվա վիճակը հետևյալն է. մենք ունենք 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից մեկն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, այսինքն՝ ազգությամբ հայ չէ, մեր մյուս պացիենտը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, վիճակը ծանր է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման բաժանմունքում: Այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, 100-ին մոտ քաղաքացիներ մեկուսացվածությունից, մեկուսացման ռեժիմից դուրս են եկել, այսինքն՝ նրանց մոտ բացասական է եղել, նրանք չեն էլ հիվանդացել: Մենք այսօր էլ սպասում ենք առողջացման և ապամեկուսացման դեպքերի:
Այսօրվա ընթացիկ խնդիրը, որ ունենք այս ոլորտում, հետևյալն է. մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք: Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, ովքեր որևէ բուժում չեն ստանում, այսինքն՝ թեթև դեպքեր են, ախտորոշված է դրական, բայց նրանք բուժում չեն ստանում: Այսինքն՝ զուտ գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ, և այսօր առավոտյան պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ մենք ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք, ըստ էության, մեծամասնությունն են, ճի՞շտ եմ հասկանում, պարոն Թորոսյան, մեծամասնությունն են, և հիմա մենք փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի մեր այդ հայրենակիցներին տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները: Ես կարծում եմ, որ այստեղ պետք է այս քաղաքականությունը շարունակենք, փորձենք շարունակել և հյուրանոցների հետ բանակցենք: Սա կարծում եմ նաև օգտակար է տնտեսության առումով, հյուրանոցների համար էլ, որոնք, ըստ էության, դատարկ են այսօրվա իրավիճակով: Այստեղ, իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, որ հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված։ Բայց, պարոն Թորոսյան, ճիշտ ենք, չէ՞, հասկանում, որ նախ հյուրանոցներն իրենք ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները և հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, երբ ինչ-որ հիվանդություններով տառապող մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են, և կորոնավիրուսից հետո էլ այդ հյուրանոցների սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել ևս եթե հետո ախտահանվի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Այո, պարոն վարչապետ: Հավելեմ դրան, որ նաև մեր կողմից այդ ցուցումները հստակ կտրվեն, և հիմա էլ, հենց հիմա արվում է այդ ամեն ինչը այն 7 մեկուսացման վայրերում, որ այս պահին գործում են, երբ մենք ունենում ենք մեկուսացվածների մեջ դրական դեպք: Այդ սենյակն ամբողջությամբ ախտահարվում է, և մենք հաջորդ մարդկանց, ովքեր հետևում են նորից մեկուսացման, պարզապես նորից տեղավորում ենք նույն սենյակներում: Այսինքն՝ թե՜ ստանդարտ ախտահանումը կլուծի այդ հարցը, և թե՜ ամեն կոնկրետ դեպքից հետո հատուկ արվող ախտահանումը:
Եվ ես էլ եմ կարծում, որ Ձեր առաջարկը շատ տեղին է, ու նաև մենք նման միջազգային փորձ էլ ունենք: Օրինակ, նույն Իսրայելում, ես անցած շաբաթ խոսել էի պատասխանատուների հետ, իրենք արդեն 1000 թեթև պացիենտ պահում են իրենց հյուրանոցներում: Եվ այստեղ չեմ կարծում, որ որևէ բրենդի մրցունակության հարց կարող է առաջանալ՝ հատկապես հաշվի առնելով տուրիզմում տիրող իրավիճակն ամբողջ աշխարհում և ոչ միայն Հայաստանում:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երբ ասում ենք, որ հիմա մենք մտածում ենք նաև, թե հյուրանոցային բիզնեսին ինչպես աջակցենք, հիմա կոնկրետ հյուրանոցային բիզնեսը, այդ հյուրանոցները այդ ծրագրում կընդգրկվեն։ Իհարկե, այստեղ պետք է բանակցել գնի շուրջ, պետք է ինչ-որ գին լինի, որը չի կարող շուկայական լինել, մանավանդ այս պահին շուկայական գին գոյություն չունի: Ցանկացած գին, որ կառաջարկվի, արդեն շուկայական է: Իհարկե, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում մենք ունենք հնարավորություն ուղղակի որոշումներով՝ վարչական որոշում կայացնել, բայց մենք այդ ճանապարհով չենք գնա, կբանակցենք հյուրանոցների հետ, նաև որոշակի գին կպայմանավորվենք, տեղում կապահովվի նաև սնունդը, այսինքն՝ այդ ենթակառուցվածքը կսկսի աշխատել, ինչն օգտակար է նաև մեր այն բանաձևի տրամաբանությամբ, որ մենք պետք է շարունակենք ապրել նաև կորոնավիրուսի պայմաններում: Պայմանավորվածություն արդեն ունենք՝ պարետատունն այդ առումով կսկսի աշխատել:
Ընդհանուր առմամբ՝ Առողջապահության նախարարն այսօր առավոտյան ներկայացրել է վերլուծությունը, և կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածումը մեզ մոտ վատագույն սցենարով չի տեղի ունենում, այլ տեղի է ունենում մինչև հիմա աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարներով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ: Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ երկրաչափական պրոգրեսիա, փառք Աստծո, այս պահի դրությամբ չկա: Կա աճ, կա որոշակի աճ, բայց այս իրավիճակը հսկողության տակ պահելու համար շատ կարևոր է, որ մենք այս ռեժիմը՝ մեկշաբաթյա խստագույն սահմանափակումների ռեժիմը, պահպանենք: Պարոն Ավինյան, ինչպե՞ս եք գնահատում ռեժիմի պահպանման մակարդակը հանրապետությունում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Հիմա ձեռքիս տակ ունեմ ընդհանուր ուղևորահոսքի թվերը, որոնք եղել են 2019 թ. մարտ-ապրիլ ամիսներին. օրական միջինը Երևան քաղաքում մենք ունեցել ենք մոտավորապես 550000 ուղևոր, ովքեր տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով՝ և՛ կանոնավոր, և՛ մետրոյով, և՛ տրոլեյբուսներով: Այս պահի՝ 25.03-ի, այսինքն՝ երեկվա դրությամբ ունեինք 18000 ուղևոր, որը նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտավորապես 30 անգամ կրճատվել է: Սա Երևան քաղաքի տվյալներն են: Մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում: Մեր քաղաքացիները, կարծում եմ, բավական գիտակցաբար են մոտենում այս իրավիճակին: Իհարկե, լինում են ազատ տեղաշարժի սահմանափակումների խախտումներ: Նաև ուզում եմ տեղեկացնել, որ ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել: Եվ պետք է խնդրեմ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին՝ խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, որովհետև այս սահմանափակումներն արված են միայն առողջապահական նկատառումներով, վարակի հնարավոր տարածումը կանխելու նկատառումներով, և այս ժամանակահատվածը մենք օգտագործում ենք տեխնոլոգիապես վերազինվելու և կանխարգելիչ մեր մեխանիզմները բարելավելու նպատակով, ինչը բավական արագ տեմպերով արդեն իսկ իրականացվում է: Եվ հուսով եմ, որ եթե այս տեմպերը պահպանվեն, այսինքն՝ այս նվազ տեմպերը պահպանվեն, մենք հենց մեր մատնանշած 7-օրյա ժամկետում էլ կփորձենք տեղավորվել և ավելի օրեր չխնդրել մեր քաղաքացիներին, որպեսզի այս սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն, և գործունեության տեսակները նույնպես կասեցված մնան:
Ընդհանուր առմամբ այսքանը, պարոն վարչապետ: Ինչպես արդեն նշեցիք, մենք կսկսենք արդեն թիրախային աշխատանք հյուրանոցների տերերի հետ, և պետք է խնդրեմ բոլոր այն հյուրանոցների, հյուրատների տնօրենները, ովքեր պատրաստ են արդեն նմանատիպ հյուրանոցներ տրամադրել, կապվել մեր Զբոսաշրջության կոմիտեի հետ՝ Ձեր մատնանշած խնդիրը լուծելու համար: Եվ, կարծում եմ, մենք ընդհանուր մի բանաձև կհասկանանք, որի միջոցով նաև որոշ չափով փոխհատուցում կտանք այդ հյուրանոցներին: Ընդհանուր առմամբ, բոլոր հյուրանոցներն այս պահի դրությամբ նույնպես ճգնաժամային իրավիճակում են, տուրիստական ուղևորահոսքն ամբողջ աշխարհում գրեթե, կարելի է ասել, արդեն ձգտում է 0-ի, և սա նաև այդ ցիկլը ինչ-որ չափով վերականգնելու և պահպանելու մեխանիզմ կլինի: Հետևապես, խնդրում եմ բոլոր հյուրանոցների և հյուրատների տնօրեններին, տերերին կապվել Տուրիզմի կոմիտեի հետ և եթե իրենք պատրաստակամ են, աշխատենք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Եվ գնային առաջարկներ էլ անեն, և գներն էլ մենք ֆիքսենք, թե ով լավագույն պայմանները կառաջարկի:
Ոստիկանության պետ Արման Սարգսյան – Մեծարգո պարոն վարչապետ, եթե թույլ տաք, ես որոշակի տեղեկատվություն հրապարակեմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 պրիմ 3 հոդվածի հատկանիշներով հայտնաբերված իրավախախտումների, այսինքն՝ այս կանոնները խախտելու վերաբերյալ։ Այսօրվա ժամը 08:30-ի դրությամբ արդեն իսկ հանրապետությունում կազմվել է 286 արձանագրություն, և ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ նույնպես տարածքային ստորաբաժանումներում կազմվել են նմանատիպ արձանագրություններ։ Բացի այդ, 685 տրանսպորտային միջոցներ երթևեկել են 2-ից ավելի ուղևորով, այսինքն՝ վարորդը ներառյալ, որոնց զգուշացվել է, իսկ 9 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ ավելի նստատեղերով ուղևորներ ունենալու կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ՝ համապատասխան հոդվածներով։ Շնորհակալություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր պահպանում են սահմանված արտակարգ ռեժիմը և կրկին ուզում եմ ներողություն խնդրել մեր այն հայրենակիցներից այս անհարմարությունների համար, բայց այս ամեն ինչն արվում է իրենց և մեր ընդհանուր ժողովրդի, հանրության, քաղաքացիների անվտանգության համար:
Եվս երկու հարցի եմ ուզում անդրադառնալ. առաջինը՝ մենք փաստորեն արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ մեր որոշման մեջ կատարեցինք որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխություններով խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները, ըստ էության, բերվեցին նվազագույն մակարդակի: Դրանք վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին, և սա կարևոր արձանագրում է, բայց կարծում եմ, որ այդ ռեժիմը, որը գործում էր, շատ կարևոր էր, ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով: Կրկին ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ կորոնավիրուսի հետ կապված վստահեն միայն կառավարության և պաշտոնական մարմինների տված տեղեկատվությանը և ուշադիր լինեն ապատեղեկատվության նկատմամբ, այսինքն՝ չվստահեն որևէ տեղեկատվության, որը չի համընկնում կառավարության և պաշտոնական մարմինների հայտնած տեղեկությունների հետ:
Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ՝ տեղյակ եք, որ մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, և սպասվում է Հայաստանի Հանրապետության դիտորդների մասնակցություն: Մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում կորոնավիրուսի արագ թեստեր: Պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք, որ մենք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ դիտորդները արդյոք, այսպես ասած, ռիսկային գոտիների՞ց են, թե՞ ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, փորձենք, խնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ պարտադիր նրանք թեստավորվեն արագ թեստերով և համոզված լինենք։ Փառք Աստծո, մինչև այս պահի դրությամբ Արցախում ոչ մի կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են, այսինքն՝ այնտեղ նույնպես այդ փնտրողական աշխատանքն իրականացվել է և ամեն ինչ անենք, որպեսզի հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ