Զինված ուժերում կորոնավիրուսի վարակի հաստատված 3 դեպքերի մասին այսօր ասուլիսին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարվեց որեւէ մանրամասն ասել, նշեց՝ կոռեկտ չէ անձնական տվյալներ հրապարակելը, եթե հարկ լինի՝ պաշտպանության նախարարությունը կհանրայնացնի: ՊՆ-ն արդեն այս դեպքերի մասին հայտարարություն է տարածել: Թորոսյանն ասաց, որ ծանր հիվանդների շրջանում չկան պայմանագրային կամ ոչ պայմանագրային զինծառայողներ:
Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն 3 օր է՝ բուժումն իրականացվում է հիդրօքսիդ-քլորոքվինով. «Մինչ այդ երկու դեղերի կոմբինացիայով էինք բուժում, դա ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոց է: Դեռ վաղ է եզրակացնել սեփական փորձի հիման վրա: Հետեւում ենք միջազգային գիտական լրահոսին, կապի մեջ ենք Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ, որտեղ մեծաթիվ պացիենտների են բուժում: Քլորոքվինն Ազիտրոմիցինի հետ տալու ենք այն բոլոր պացիենտներին, որոնք թոքաբորբ ունեն կամ չունեն, սակայն ունեն ծանր քրոնիկ հիվանդություն, որպեսզի թոքաբորբի զարգացումը կամ առաջացումը կանխենք»:
Վարակված բուժաշխատողների մասին էլ նախարարն ասաց՝ վարակված բուժքրոջ վիճակը լավ է, եթե վատ լիներ՝ կիմանար, բոլոր ծանր դեպքերի մասին տեղյակ է. «Ունենք վարակված մեկ բժիշկ եւ շտապօգնության մեկ վարորդ: Սա անխուսափելի է, մենք որքան էլ փորձում ենք պաշտպանել՝ ակնոց, արտահագուստ, դիմակ, ձեռնոց եւ այլն, իրենք շատ են շփվում բուն վարակվածների հետ: Մեր խնդիրն է՝ արագ հայտնաբերել ու օգնել նրանց: Այս 3 անձանց կյանքին վտանգ չի սպառնում, հուսով եմ, որ իրենք էլ իրենց շրջապատին չեն սպառնում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ