Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է թույլ տանք, որ ՀԴՄ կտրոն չտալու տխրահռչակ պրակտիկան ակտիվանա». Փաշինյան

Մարտ 26,2020 14:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ մանրածախ առեւտրի ծավալների աճին զուգահեռ՝ ազդակներ են ստացվում, որ շատ տնտեսվարողներ սկսել են կիրառել ՀԴՄ կտրոն չտրամադրելու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է եւ մեծ ուշադրություն չի դարձվի: «Հիմա, հակառակը, ճգնաժամային իրավիճակ է եւ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի: Ես ակնկալում եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն շատ ավելի կխստացնի միջոցառումները, որովհետեւ հիմա շատ ձեռնարկություններ, շատ խանութներ չեն աշխատում եւ այս պրոցեսի հասցեատերերը շատ ավելի քիչ են: Եվ ես ակնկալում եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերի եւ խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի: Որեւէ արդարացում չունի սա, որովհետեւ խանութների շրջանառությունն այս օրերին էականորեն աճել է: Հետո էլ մենք պետք է տեղորոշենք եւ անբարեխիղճ տնտեսավարողներով զբաղվենք եւ թույլ չտանք տխրահռչակ սովորությունները ակտիվանան, հատկապես՝ հարկային կարգապահության մասով»:

Վարչապետը հայտնեց, որ առաջին եռամսյակում հարկային եկամուտները կգերակատարվեն մոտ հինգ միլիարդ դրամով: Նրա խոսքով, այսօր կառավարության նիստում խոսվեց սոցիալական եւ տնտեսական խնդիրները լուծելու աջակցության ծրագրի մասին, եւ դրանք լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ, իսկ դրանք պետք է ապահովեն հարկային համակարգի միջոցով. «Շատ են ասում՝ մարդիկ չեն աշխատում՝ հարկ եք ուզում: Բայց եկամուտների, շահույթների բացակայությամբ հարկ ուզել հնարավոր չէ, հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա ձեւավորված հարկային պարտավորություն»:

Փաշինյանը ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին հորդորեց հսկողական գործառույթներն այս օրերին ավելի խստացնել: Պարոն Անանյանը պատասխանեց, որ ՊԵԿ-ն աշխատում է ամբողջ ծավալով. «Բոլոր գործառույթներն իրականացվում են, աշխատակազմը որեւէ կրճատման չի ենթարկվել, հսկողական գործառույթներ իրականացնող երկու վարչություններն ամբողջ ծավալով իրականացնում են իրենց պարտավորությունները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031