Կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխա ՀՀ-ում չկա, դպրոցահասակ երեխաներ կան, նրանք լավ են, ախտանիշ չունեն, կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չկա: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Թե քանի վարակված դպրոցահասակ երեխա կա, Թորոսյանը թիվ չասաց, տվյալներ չկային ձեռքի տակ:
«Շատ են խոսում, որ երեխաները գուցե դառնան վիրուսի տարածման աղբյուր, սակայն իրենց իսկ օրգանիզմի վրա ազդեցության նկարագրված դեպքեր չկան, եթե հաշվի առնենք, որ աշխարհում վարակվածների թիվն արդեն մոտ 500 հազարի հասնում, երեխաների մոտ ծանր ընթացքի մասին հրապարակում կամ գիտական հոդված չկա: Նույնը մենք ենք տեսնում մեր երկրում»,-ասաց Թորոսյանը:
Նախարարն ասաց՝ պետք է ավելի զգուշանալ երեխայի միջոցով տարածման համար, բայց պետք է զգուշանան բոլորը:
Այս օրերին վարակակիրների հետ աշխատող բժիշկների համար, ըստ նախարարի, ապահովվում է առաջին հերթին լավ կենցաղային պայմաններ այն բուժաշխատողներին, որոնք բուժում եւ հսկողություն են իրականացնում երեք հիվանդանոցներում, ապահովում են սնունդով, տրանսպորտով՝ տուն գնալու համար, հյուրանոցում ապրելու, քանի որ կան բժիշկներ, որոնք որոշել են տուն չգնալ, իրենք իրենց համարում են ռիսկային: Բացի այս, 50 բուժաշխատող են վերապատրաստվել, որպեսզի հերթափոխեր ապահովվեն:
Կարդացեք նաև
Թորոսյանը վստահեցրեց՝ Հայաստանը չունի վարակի հայտնաբերման թեստերի պակաս, եւ շարունակում է դրանք ձեռք բերել: Մինչ օրս թեսթավորվել են ռիսկային համարվող 1440 քաղաքացի, որից 290-ի դեպքում դրական է եղել արդյունքը:
Այսօր կամ վաղը պատրաստ կլինի ՀՀ-ի առցանց քարտեզը, որտեղ նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ դեպքեր են արձանագրվել: Նախարարն ասաց՝ իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշ մարզերում շարունակվում են դեպքերի արձանագրումը. Օրինակ՝ Կոտայքի մարզում: Գյումրիում եւ Լոռիում, Սյունիքում, ըստ նախարարի, դեպքերը հատուկենտ են, դեպքեր կան Երեւանում ու հարակից գրեթե բոլոր մարզերում, ավելի շատ են դեպքերը Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում, Վայոց ձորում եւ Գեղարքունիքում կարծես դեպքեր չկան:
Թե ինչպես է վարակը հասել Գյումրի կամ Լոռի, Թորոսյանն ասաց՝ որոշ դեպքերում լոկալ փոխանցման միջոցով են եղել տարածման դեպքերը. «Հայաստանում եղած մեկից մյուսին փոխանցման միջոցով, որոշ դեպքերում մեր կամ այլ երկրի քաղաքացիներն այլ երկրներից են բերել: Կոնտակտավորների շրջանակը պարզելու գործընթացը շարունակական է, դեպքեր ունենք, որ այն հստակ պարզ է՝ 100 տոկոսով, եւ չենք շարունակում համաճարակաբանական հետաքննությունը, որ հետեւում է ամեն վարակակրի հաստատմանը: Դեպքեր կան, որ մենք անընդհատ աշխատում ենք՝ պարզելով նոր կոնտակտներ, որովհետեւ հաճախ մեր քաղաքացիները չեն համագործակցում եւ չեն պատմում բոլոր շփումների մասին: Ինձ համար անհասկանալի է սա, կարծես թե այլ բան պետք անենք, քան իրենց առողջության մասին հոգ տանելը կամ իրենց շրջապատի առողջության մասին հոգ տանելը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ