«Աշխարհում կորոնովիրուսի տարածման ձեւը եւ տեմպերն ակնհայտ են դարձնում, որ կա նոր իրողություն եւ դրա պարագայում պետք է անելիքների եւ ռեսուրսների օգտագործման որոշակի բեւեռացում ունենանք»,-այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, երբ քննարկվում էր «Կորոնավիրուսի հետեւանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին» հարցը:
Փոխվարչապետն ասաց, որ այս ծրագրով պետք է թիրախավորեն եւ օժանդակեն կորոնավիրուսի հետեւանքով աշխատանք կորցրած անձանց, սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերին: Նաեւ լրազինեն եւ վերազինեն առողջապահական համակարգը. «Պետական պահուստների՝ դեղորայքային հումքային, գույքային, սննդի պաշարների կառավարման արդյունավետ համակարգ պետք է ձեւավորել: Պետք է ունենանք նոր ֆինանսական մոդել, ճշգրտենք մեր անելիքներն ու ծախսերը եւ ներգրավվելիք միջոցները»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս ծրագրով ոչ միայն աջակցելու են տնտեսության մրցունակ հատվածին եւ սոցիալական առաջին հարվածները ստացած խավերին, այլեւ հանրությանը ավանդական գոյատեւման տրամաբանությունից տեղափոխելու են զարգացման ուժեղացման, երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առաջարկեց տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման մասին խոսելիս անպայման հիշեն նաեւ առողջապահության ոլորտը. «Հիմա ամենաճգնաժամային վիճակում առողջապահության ոլորտն է թե՛ ընթացիկ հարցեր լուծելու եւ թե՛ կապիտալ զարգանալու: Մենք պետք է հիվանդանոցային հզորությունների կանխատեսումն այնպես անենք, որ հնարավոր է՝ այդ հզորությունների կարիքը դեռ երկար ունենանք, ինչպես նաեւ ընթացիկ խնդիրների մասին: Փաստացի պլանային վիրահատությունները եւ այցերը կրճատելու պատճառով ոլորտը նաեւ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնելու եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այդ դժվարությունների պատճառով որեւէ բուժհաստատություն, հատկապես՝ խոշոր եւ խնդիր լուծող բուժհաստատությունները, կանգնեն սնանկացման եւ փակվելու առաջ»:
Ի պատասխան, Փաշինյանն ասաց, որ ծրագրում կա առողջապահական համակարգի վերազինմանը վերաբերող առանձին գլուխ, եւ այդ ծրագրերից նույն կերպ կարող են օգտվել նաեւ առողջապահական ծրագրերը. «Այստեղ որեւէ սահմանափակում չկա»:
Նրա խոսքով, այսօր աշխարհի ամենաառաջատար առողջապահական համակարգեր ունեցող երկրներն անգամ կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ. «Ենթադրվում է, որ կորոնավիրուսից հետո առողջապահական հայեցակարգերի վերանայումներ եւ վերափոխումներ նույնպես կլինեն եւ դա հաջորդ ամենակարեւոր հարցն է՝ կորոնավիրուսից հետո առողջապահական հիմնարկները պետք է նույն կերպ գործե՞ն, թե առողջապահական համակարգերը պիտի փոխվեն»:
Փաշինյանի խոսքով, բյուջեի մասին օրենքում նույնպես պետք է որոշակի փոփոխություններ ունենան՝ ծախսերի եւ եկամուտների մասով:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2020 թվականի վերաբերյալ արված կանխատեսումները կորցրել են իրենց արդիականությունը:
Ֆինանսների նախարարի խոսքով, նախագծեր են պատրաստել, որոնք առաջիկայում քննարկման կդնեն:
Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Խոսքը երկու կոնկրետ ուղղության մասին է: Առաջինը՝ կորոնավիրուսի դեմ պայքարն է, որն անկախ ամեն ինչից պետք է տանել, երկրորդ՝ մեր գործող համակարգն է, որը դեռեւս ամբողջությամբ ներգրավված չէ այդ պայքարի մեջ եւ հայտնի չէ՝ ինչ չափով կներգրավի: Բայց մենք ունենք այլ բազմաթիվ խնդիրներ, որոնք որ առողջապահական իմաստով չպետք է թողնենք անտեսված»: Թորոսյանի կարծիքով, պետք է առանձնահատուկ մոտեցում որդեգրեն հենց առողջապահական գործող համակարգի նկատմամբ: «Եթե մենք նրան թողնենք ինքնահոսի, հետագայում այդ ճգնաժամը հաղթահարելիս կամ հաղթահարման ընթացքում արդեն ուրիշ խնդիրներ ենք ունենալու»:
Վարչապետն առաջարկեց գրավոր ձեւակերպել բոլոր առաջարկությունները եւ փոխանցել ստեղծված հակաճգնաժամային խմբին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ