Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեց՝ նախարարությունը մտահոգություններ ստանո՞ւմ է տարրական, մասնավորապես առաջին դասարանցիների ծնողներից: Նրանց պարագայում արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս է իրականացվում ուսուցումը հեռավար մեթոդով, մանավանդ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասում էր, որ բոլոր խնդիրները գույքագրվում են:
Պարոն Արշակյանը հայտնեց, որ մտահոգությունները հիմնականում տեխնիկական բնույթի են, վերաբերվում են համացանցային կապի եւ համապատասխան սարքավորումների բացակայությանը: Մեր դիտարկմանն ի պատասխան, որ առաջին դասարանցիների պարագայում հնարավո՞ր է առանց անմիջական ներկայության երեխային նորմալ սովորեցնելը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետը շեշտեց, որ բոլորը հասկանում են՝ այս պահին անմիջական ներկայություն լինել չի կարող:
«Հեռավար կրթության միջոցով է փորձ արվում այդ բացը լրացնել: Մենք կապի մեջ ենք մարզպետարանների հետ, հավաքագրում ենք նաեւ, թե տեխնիկական եւ առհասարակ ինչպիսի խնդիրներ կան, որպեսզի կարողանանք դրանց լուծումներ տալ»,-նշեց Աշոտ Արշակյանը:
Հարցրինք նաեւ, թե հատկապես որ մարզերն են համեմատաբար վատ վիճակում՝ համապատասխան սարքերի եւ համացանցային կապի առումով: Պարոն Արշակյանը հիշեցրեց, որ նախարարը ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ ասել է, որ ութսուն տոկոս ընդգրկվածություն կա հեռավար կրթության գործընթացում: «Մարզերը տարբեր են, բայց այնպես չէ, որ ինչ-որ մարզ առանձնանում է, բոլոր տեղերում էլ կա տեխնիկական միջոցների պակաս ու ինտերնետ կապի խնդիր, հասկանում ենք, որ դա հարյուր տոկոսով լրացնել չենք կարող, բայց աշխատում ենք առավելագույնս բացը լրացնել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Աշոտ Արշակյանի ֆեյսբուքյան էջից