Ներկայիս արտակարգ դրության շարունակությունը մի շարք խնդիրներ է ի հայտ բերում։
Երբ բնակչության մեծ մասը անհրաժեշտաբար ստիպված է տանը նստել կանխարգելման միջոցների ու երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պատճառով, ապա սա ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, քաղաքացիները մեծ քանակով էլեկտրականություն, գազ ու ջուր են սպառելու, ինչը հանգեցնելու է կոմունալ ծառայությունների վճարի աճին՝ նախորդ տարվա մարտի համեմատ։ Իսկ կոմունալների մեծ վճարների մարումը լուրջ խնդիր է բնակչության համար։
Եթե բազմաթիվ քաղաքացիներ այս պայմաններում չկարողանան կատարել իրենց կոմունալ վճարումները, բացառված չէ, որ կանջատվի նրանց լույսը, գազը կամ ջուրը, որը խիստ անցանկալի է։ Իհարկե, ՀԷՑ-ն արդեն հայտարարել է, որ վճարումներ չկատարելու պատճառով էլէներգիայի անջատումներ չեն լինի: Երեկ ԱԺ-ում վարչապետն էլ հայտարարեց, որ չվճարումների պատճառով գազի անջատումներ չեն լինի անապահովների համար:
Սակայն սա հատվածական լուծում է: Նախ և առաջ կառավարությունը պետք է այս խնդրի լուծման ուղղությամբ մտածի և այնպիսի տարբերակներ առաջ քաշի, որոնց արդյունքում ոչ միայն քաղաքացիները չտուժեն, այլև լուրջ վնասներ չկրեն նաև էլեկտրաէներգիա, ջուր ու գազ մատակարարող ընկերությունները։ Պետք է հաշվի առնել, որ եթե հանկարծ այդ (ու ոչ միայն այդ) ընկերությունները չկարողանան շարունակել իրենց աշխատանքը կամ մեծ վնասներ կրեն, ապա չեն կարողանալու մատակարարումներ կատարել նաև բնակչությանը, մյուս կողմից՝ արդեն իրենք դժվարություններ կունենան իրենց աշխատակիցներին պահելու և վճարելու հարցում, ու կարող է փակուղային իրավիճակ ստեղծվել։ Ուստի խնդրի լուծումը պետք է լինի համալիր և շղթայական, որպեսզի օղակներից ոչ մեկը չտուժի։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: