Հայաստանում առանցքային հարցերից մեկը դարձել է տնտեսության կոլապսի կանխարգելումն ու վերբեռնումը, որը թույլ կտա ապահովել պետության բնական կենսագործունեության կայուն ընթացք ներկայիս համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Այդ իմաստով ողջունելի է, որ Հայաստանում քննարկում այդուհանդերձ ծավալվել է, և տարբեր խմբեր ձեռնամուխ են եղել գործարար համայնքի հետ հաղորդակցության միջոցով տնտեսական ելքեր փնտրելու աշխատանքին: Այստեղ, սակայն, շատ կարևոր է, որ այդ աշխատանքը չսահմանափակվի ներհայկական ընդգրկումով: Այլ կերպ ասած, այդ քննարկումներին պետք է փորձել հնարավորինս ներգրավել սփյուռքյան շրջանակների, որոնք ունեն հայաստանյան տնտեսական և ընդհանրապես հանրային կյանքին մասնակցության ծրագրեր ու ակնկալիքներ, այդ թվում՝ թավշյա հեղափոխությունից հետո:
Անկասկած է, որ կան բազմաթիվ գործարարներ, որ այս ընթացքում չեն հասցրել իրենց ծրագրերն ու մտադրությունները իրացնել, սակայն կարող են դրանցում վերանայումներ թույլ տալ ճգնաժամի հետևանքով: Այսինքն՝ այստեղ կա խնդիր՝ անպայմանորեն պահել այդ մտադրությունները, գտնել նրանց և հասցեական փորձել աշխատել, որպեսզի ճգնաժամը ոչ միայն չչեղարկի նրանց մտադրությունները Հայաստանի հետ կապված ներդրումային հարցերում, այլ հակառակը՝ Հայաստանը համաշխարհային ճգնաժամի պայմաններում դառնա նրանց համար առավել գրավիչ այլընտրանք: Ընդ որում, խոսքն այստեղ առավելապես վերաբերում է այն հանգամանքին, որ լինի այդ շրջանակների օրգանական ներգրավվածություն հայաստանյան քննարկումներին: Խնդիրն այն է, որ այդ քննարկումները պետք է ներառեն ոչ միայն զուտ հակաճգնաժամային հարցեր, այլ, մեծ հաշվով, Հայաստանի տնտեսության վերակառուցման խնդիրներ:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: