Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արագությունը գնահատում եմ, բայց համակարգը հասանելի չի լինի հազարավոր ընկերությունների համար. Գագիկ Մակարյան. «Փաստ»»

Մարտ 26,2020 12:09

Օրերս հրապարակվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը, որում մասնավորապես նշված են տնտեսվարողներին օժանդակելու նպատակները, ինչպես նաև տնտեսվարողների շրջանակը:

Ըստ նախագծի՝ օժանդակության հիմնական ձևերը համաֆինանսավորումը, վերաֆինանսավորումն ու սուբսիդավորումն են: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գնահատում է հրատապության կարգով նման նախագիծ մշակելու հանգամանքը, բայց, այդուհանդերձ, որոշակի վերապահումներ ունի:

«Արագությունը գնահատում եմ, բայց այստեղ կարևոր խնդիր կա. համակարգը հասանելի չի լինի հազարավոր ընկերությունների համար՝ պայմանավորված մի քանի պատճառներով: Առաջին՝ այստեղ սելեկցիայի, այսպես ասած, մի հետաքրքիր բանալի է դրված: Գրված է, որ կարող են դիմել լավ վարկային ու հարկային պատմություն ունեցող ընկերությունները, բայց սա արդեն բավականին խիստ սելեկցիայի է ենթարկում ընկերությունների թիվը. կարծում եմ՝ մեծ թվով ընկերություններ այդ շեմը պարզապես չեն կարողանա հաղթահարել: Երկրորդ  պատճառն այն է, որ այդ լավ պատմությունը կարող է խաթարվել հենց ներկա իրավիճակում՝ համավարակից բխող պայմաններում: Արդեն շատ-շատ ընկերություններ չունեն ֆինանսական միջոցներ, բացի այդ, ունեն խնդիրներ՝ սկսած կոմունալների վճարումներից, ավարտված հարկային պարտավորությունները կատարելով: Հետևաբար, իրենք շատ արագ կարող են հայտնվել վարկային վատ պատմություն ունեցողների ցուցակի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը:

Ըստ մեր զրուցակցի, այլ պատճառ էլ կա: «Կլինեն ընկերություններ, որոնք չեն կարող դիմել, քանի որ, ըստ նախագծի, պետք է բիզնես պլաններ մշակեն: Բացի այդ, պետք է բանկերի հետ գործ ունենան, իսկ բանկերը շարունակելու են իրենց պահանջները դնել, որոնց թվում են համապատասխան շրջանառությունները, ապացուցող փաստաթղթերն առ այն, որ վերցրած վարկերը կարող են վերադարձնել: Ապագային ուղղված նման այլ հարցեր կարող են առաջանալ, բայց խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պատճառով ընկերությունները կորցնում են այդ հնարավորությունները: Օրինակ` չի բացառվում, որ արդեն պայմանագրեր են խզվում կամ չեն կատարվում, շրջանառության ծավալներն են նվազում: Բացի այդ, Ռուսաստանի հետ աշխատող ընկերությունները ռուբլու արժեզրկման պատճառով եկամուտների մեծ կորուստներ ունեն: Այսինքն, բանկը կարող է վաղն ուսումնասիրել ու տեսնել, որ այդ ընկերությունների հետ աշխատելն իր համար ռիսկային է: Հաջորդ պատճառն այն է, որ փոքր և միջին բիզնեսը կդժվարանա այս բոլոր պահանջները հաղթահարել՝ մասնավորապես բիզնես պլաններ մշակելու, ապացուցող փաստաթղթեր ներկայացնելու տեսանկյունից: Իրենց վարկային պատմությունները ոչ միշտ են հաջող»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ընդգծելով նաև այլ հնարավոր պատճառներ՝ Գ.Մակարյանը շեշտեց. «Այս մոդելը պետք է վերանայել: Իսկ միջոցները բավարար են. 150 մլրդ դրամը շուրջ 300 մլն դոլար է կազմում, ինչը հսկայական գումար է: Ըստ իս, այն կարելի է բաժանել մի քանի մասերի՝ հասանելիություն ապահովելու համար: Գումարների մի մասը կարելի է տալ կազմակերպություններին՝ կոմունալ վճարումների համար: Կամ էլ պետությունը կարող է միջնորդել, որ էներգակիրների հետ կապված վճարումները հետաձգվեն»:

Քանի որ վերոնշյալ խնդիրների պատճառով ոչ բոլոր ընկերությունները կարող են ստանալ այդ վարկերը, Գ. Մակարյանն առաջարկում է փորձել ավելի պարզեցված մոդելով տրամադրել դրանք կամ էլ դիտարկել դրամաշնորհների տարբերակը. «Մենք մեկ շաբաթ առաջ 14 կետով առաջարկներ ենք ներկայացրել փոխվարչապետին: Կետերից մեկը դրամաշնորհներ տրամադրելու մասին է՝ 4000-25000 դոլար՝ փոքր ու միջին բիզնեսին, հատկապես զգայուն ոլորտներին, որոնցից մեկը զբոսաշրջությունն է: Կամ էլ առաջարկում ենք դիտարկել հարկային արձակուրդը, կամ գոնե չհաշվարկել տույժ ու տուգանքները: Այս առումով հատկանշական է Բուլղարիայի օրինակը, որը, ի թիվս այլ մեխանիզմների ներդրման, մի քանի ամսով հետագձել է հարկային հաշվետվությունների ժամկետները: Հայաստանի դեպքում ևս պետք է փոխվեն գործիքակազմերը, որպեսզի բիզնեսի բոլոր շերտերի համար հասանելիություն լինի»:

Մեր զրուցակիցը նշեց, որ ինչպես բոլոր պետությունները, համավարակի պայմաններում Հայաստանը ևս պետք է երեք կարևոր ու գլոբալ նպատակ իրականացնի: Առաջին նպատակը, որը պետք է իր առջև դնի ՀՀ կառավարությունը, տնտեսության պահպանումն է. «Այսինքն, թույլ չտալ, որ տնտեսությունը փլուզվի: Երկրորդ նպատակը պետք է լինի ձեռնարկությունների կայունության ապահովումը, երրորդը՝ զանգվածային գործազրկություններ չառաջացնելու խնդիրը: Հայաստանն այս առումով կրիտիկական է, քանի որ աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշ կա: Այս երեք բաղադրիչները տեղավորվում են սոցիալականից տնտեսական շղթայի մեջ, հետևաբար պետք է ներդաշնակ աշխատել, կարևորել ոչ միայն սոցիալականը, այլև տնտեսականը: Այսինքն, մեկը մյուսի հաշվին չանել, այլ որոշակի կոմպրոմիսներով, լուծումներով փորձել ներդաշնակ դարձնել իրավիճակը»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031