Լրահոս
Օրվա լրահոսը

Վախերի մեջ խորանալու փոխարեն՝ պետք է անելիքների վրա կենտրոնանալ․ Արմեն Կարախանյան. «Հայկական ժամանակ»

Մարտ 26,2020 11:56

Այսօր մարտի 25-ն է՝ արտակարգ դրության 10-րդ, իսկ կորոնավիրուսի Հայաստանում հայտնվելու 25-րդ օրը։ Երբ փակ են սիրելի սրճարանները, զվարճանքի վայրերը, իսկ մարդիկ հիմնականում տանն են, լրահոսն էլ ամեն օր թարմանում է ամբողջ աշխարհում եւ Հայաստանում նոր վարակվածների թվերով, անհրաժեշտ է մտածել նաեւ հոգեկան առողջության՝ օրերը որքան հնարավոր է թեթեւ անցկացնելու մասին։

Մեզ հետ զրույցում իր խորհուրդներով է կիսվել հոգեբան, հոգեթերապեւտ Արմեն Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայրենակիցներին։

– Վերջերս համացանցում եւ հեռուստատեսությամբ հաճախ եմ հանդիպում հոգեբանների այն կարծիքին, թե վախը բնական երեւույթ է։ Իրականում այն պետք է ոչ թե բնական երեւույթ համարենք, այլ փորձենք հսկողության տակ պահել, հաղթահարել։ Անկախ ամեն ինչից, նման իրավիճակներում պետք է գիտակցել, որ այն բոլորովին չի օգնի այս վիճակը հաղթահարել․ ո´չ կպաշտպանի վարակվելուց, ո´չ կնպաստի ապաքինվելուն, միայն կխանգարի, ակտիվությունից կզրկի։ Սեփական վախերի մեջ խորանալու փոխարեն՝ պետք է անելիքների վրա կենտրոնանալ։ Ի դեպ, կան մարդիկ, նրանց հոգեբանները ինտրավերտներ են ասում, որոնք այսպես թե այնպես մեկուսացված են իրենց մտքերի մեջ։

– Ի՞նչ անել այս օրերին, երբ ամբողջ օրը տանն ենք անցկացնում։

– Առանձնահատուկ բաղադրատոմսեր չկան։ Առաջին հերթին եթե հնարավոր է աշխատեք տնից, եթե անհնարին է, պետք է գտնել որոշակի զբաղմունքներ, որոնք մեզ համար գրավիչ են, հաճելի եւ ոչ մի արտաքին պայման չեն պահանջում։ Օրինակ՝ ընթերցանությունը։ Համացանցը հնարավորություն է տալիս սիրելի ֆիլմերը դիտելու, սոցցանցերում զանազան նյութերի ծանոթանալու, իսկ օրինակ՝ հարեւանների հետ նարդի խաղալու համար՝ անհրաժեշտ են պայմաններ։ Յուրաքանչյուրն ի վիճակի է իր հետաքրքրության սահմաններում գտնել որեւէ բան եւ ակտիվությունն աշխատանքից տեղափոխել դեպի նոր զբաղմունքներ։ Եթե մշակված հոբբիներ չկան, պետք է վերականգնել այլ տարիքում ունեցածները։ Մեկը ժամանակին սիրել է նկարել, մյուսը՝ երաժշտություն լսել։ Եթե ընդհանրապես չեք զբաղվել ոչնչով, ապա հիմա է պետք դրանք ստեղծել։ Սա կլինի հիանալի առիթ՝ կյանքը վերանայելու, մի քիչ ավելի հարստացնելու համար։

– Ֆիզիկական վարժությունները որքանո՞վ կօգնեն։

– Մեկը սիրում է կարդալ, մյուսը՝ ֆիզիկական վարժություններ կատարել։ Սա ակտիվության այն ձեւն է, որ կարելի է կատարել նաեւ տանը։ Դա կօգնի մեր վախերի, անհանգստությունների մեջ խորանալու փոխարեն՝ կենտրոնանալ որեւէ անելիքի վրա, ուշադրությունը շեղել պարապությունից, որովհետեւ այն վատ կարող է անդրադառնալ։ Թե անելիքն ինչ կլինի, դա խիստ անհատական է, ամեն մարդ պետք է ունենա իր ցանկը։

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031