Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի մասին էր զգուշացնում Բիլ Գեյթսը

Մարտ 26,2020 10:00

Մոտ հինգ տարի առաջ Բիլ Գեյթսը խոսել է համավարակների մասին: Մոլորակի ամենահաջողակ եւ հարուստ մարդկանցից մեկը, որն իր գործունեությամբ, կարելի է ասել, կերտել է ժամանակակից աշխարհի ներկայիս տեսքը, կարծում եմ, բոլորի համար պետք է որ անառարկելի հեղինակություն լինի՝ անկախ նրանից, թե ինչի մասին է նա խոսում: (Ի տարբերություն իր երկրի ղեկավարի, որը հիմա ասում է, թե ԱՄՆ-ում ապրիլի 12-ին կյանքը կվերադառնա սովորական հուն):

Գեյթսի ելույթի էությունն այն է, որ միկրոբների եւ վարակի տարածումը (որը կարող է լինել նաեւ միտումնավոր) ժամանակակից աշխարհում շատ ավելի վտանգավոր է, քան հրթիռները: Այն ժամանակ Աֆրիկայում մոլեգնում էր «էբոլայի» համաճարակը, որը խլեց ավելի քան 11 հազար մարդու կյանք: «Մայքրոսոֆթի» հիմնադրի ուղերձի իմաստն այն է, որ պետությունները փոխանակ իրար սպառնան, միլիարդներ ծախսեն հրթիռների վրա, ավելի լավ է կենտրոնանան համաշխարհային մարտահրավերների վրա, որոնց դիմակայելուն նրանք պատրաստ չեն: Գեյթսն առաջարկում է օգտագործել աշխարհի նյութական, կազմակերպչական, մտավոր, զինվորական ներուժը՝ վտանգի դեմն առնելու համար:

Ամերիկացի գործարարի կանխատեսումները ճիշտ էին, իսկ զգուշացումները՝ տեղին. ոչ թե այն պատճառով, որ նրա մոտ մտքի ինչ անսպասելի փայլատակումներ են առաջացել՝ նա պարզապես ուսումնասիրում է համաշխարհային զարգացումների միտումները եւ իր հնարավորությունների սահմաններում փորձում է նվազեցնել վտանգները (այդ թվում՝ առողջապահության ոլորտում բարեգործության վրա հսկայական գումարներ ծախսելով):

Աշխարհի հզոր երկրների կառավարություններն, իհարկե, խելացի մարդկանց չեն լսում եւ շարունակում են իրար դեմ պայքարել: Օրինակ, ոչ մի կորոնավիրուս չի կարողանում հաշտեցնել Միացյալ նահանգներին եւ Իրանին: «Ջրային հրադադարը», որը հրաշալիորեն նկարագրված է «Մաուգլի» գրքում եւ հայտնի մուլտֆիլմում, աշխարհում եւ առանձին պետություններում չի գործում:

Ավելին՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում արդեն անցել է 20 հազարը, ոչ բոլոր կառավարություններն են հարցին մոտենում պատշաճ լրջությամբ: Մասնավորապես, իշխանությունները չպիտի հայտարարեն այնպիսի միջոցառումների մասին, որոնց իրականացումը չեն կարող կամ չեն պատրաստվում ապահովել: Օրինակ, երբ ասվում է, որ փողոցում պարապ ճեմող մարդկանցից ոստիկանությունը ձեւաթուղթ է ուզելու եւ, նրանց՝ փողոցում գտնվելու անհրաժեշտությունը չապացուցելու դեպքում, տուգանելու է, բայց դա չի արվում: Ավելի լավ է՝ չասվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Վերջապես հոյակապ առիթ է, որ հստակ ձեւակերպենք մեր ազգային առողջ կենսակերպը, աշխարհի որ երկրում էլ ապրենք՝ տանը թե դրսում, հայերը պետք է ունենան առանձնահատուկ բարձր դիմադրողականություն, ամեն տարիքի համար գիտնական բժիշկները պետք է սահմանեն բոլոր չափանիշները, որոնց ամեն մեկս իր տարիքին համապատասխան պետք է հասնի, ցույց տան թե ինչ վարժություններ պետք է անել ու սնունդ օգտագործել, մենք ծայրահեղ կազմակերպված ժողովուրդ ենք, մենք պետք է դառնանք ամենաառողջ ազգը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031