«Մեծ հաշվով մեզ գոհացնում են այդ փոփոխությունները եւ մեծ հաշվով մենք բավարարված ենք»,- Aravot.am-ին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթների փոփոխությանը:
Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ մարտի 20-ին 11 լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություն հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ չեղարկել այն չորս կետերը, որոնք անհիմն սահմանափակում էին լրատվամիջոցների գործունեությունը, դրանից հետո էլ իշխանական ատյաններում տեղի ունեցած քննարկումները հանգեցրին այս փոփոխությունների իրականացմանը. «Մեղմացվել է այն միջավայրը, որը ստեղծվել էր սահմանափակումների մասին որոշումից հետո: Կարծում եմ՝ հիմա լրատվամիջոցներն ու լրագրողները կարող են անկաշկանդ սեփական աղբյուրներից հավաքել տեղեկատվություն ու պատրաստել սեփական նյութերը, միակ պայմանն այն է, որ դրանք մեկնաբանվեն պաշտոնական ատյանների կողմից, կարծում եմ՝ դա նույնիսկ կհարստացնի այն նյութերը, որոնք պատրաստելու են խմբագրությունները եւ չեն սահմանափակվի միայն պաշտոնական տեղեկատվությամբ»:
Աշոտ Մելիքյանի համոզմամբ, լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները ոչ այնքան լրատվամիջոցներին լռեցնելու փորձ էր, որքան վատ մշակված որոշում. «Դա իսկապես վատ մշակված որոշում էր, բայց այդ որոշումը կայացնելիս իշխանությունները լրատվամիջոցներին դիտարկում էին ոչ թե որպես գործընկեր, այլ ՝որպես հակառակորդ, միգուցե պատճառն այն էր, որ առօրյա գործունեության ժամանակ լրատվամիջոցները բաժանված են ըստ քաղաքական ճամբարների ու առաջին հերթին սպասարկում են այդ շահերը, իսկ հանրային շահը մղվում է հետին պլան»:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց, որ փոփոխությունները լիովին համապատասխանում են իրենց ներկայացրած առաջարկություններին. «Կարծում եմ՝ հիմա համարժեք են եղած սահմանափակումները, որոնք մի կողմից հնարավորություն են տալիս լրատվամիջոցներին ցանկացած տեղեկություն տարածել՝ հղում անելով աղբյուրին, որը անկախ արտակարգ դրությունից միշտ է ցանկալի, միաժամանակ հնարավորություն է տրվում այդ նույն նյութում տեղադրել պաշտոնական տեղեկություն այդ նույն հարցի վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Բորիս Նավասարդյանը կարեւորեց, որ այլեւս չկա արտասահմանյան լուրերի հրապարակման դեպքում միայն պաշտոնական տեղեկություն հրապարակելու վերաբերյալ սահմանափակումը, այժմ թույլատրվում է նաեւ այլ աղբյուրների տեղեկություն հրապարակել, միայն հղում անել աղբյուրին. «Միակ դժգոհությունն այն է, որ այս փոփոխությունների որոշումը երկար տեւեց, կարող էր ավելի վաղ արվել, ենթադրում եմ, որ դանդաղկոտության արդյունք է, որովհետեւ, կարծես թե, մեր փաստարկներն ընդունվում էին, բայց մեր առաջարկները երկար ճանապարհ անցան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ