«Միջազգային Մեդիա Ինստիտուտ» (IPI) կազմակերպությունն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված զանգվածային լրատվամիջոցների դեմ հարձակումների դեպքերին: Կազմակերպությունում հավատացած են, որ նման ճգնաժամային իրավիճակում լուրերի և տեղեկատվության ազատ հոսքը կարևոր է, քան երբևէ:
IPI-ը հավաքագրել է տարբեր լրատվամիջոցներում հրապարակված նյութեր, որոնք ներկայացնում են աշխարհի մի շարք երկրներում խոսքի ազատության սահմանափակման, լրատվամիջոցների դեմ կիրառվող ճնշումներ՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ: Ցանկում տեղ է գտել նաև Հայաստանը: Մասնավորապես, ներկայացված է Eurasianet-ում հրապարակված «Հայաստանը կոշտ միջոցներ է ձեռնարկում COVID-19-ի մասին լրատվամիջոցների հրապարակումների դեմ» խորագրով հոդվածը:
Հոդվածն անդրադարձել է նաև այն դեպքին, երբ ոստիկանությունը պահանջել է «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակից հեռացնել թարգմանված նյութը, որտեղ ներկայացված էր Վալերի Սոլովեի մեկնաբանությունը Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ կապված կորոնավիրուսով վարակվածների, մահացության դեպքերի հետ:
Կազմակերպությունն անդրադարձել է նաև մամուլի դեմ հարձակումների դեպքերին Հնդկաստանում, Չինաստանում, Ալբանիայում, Կոսովոյում, Բոսնիա և Հերցեգովինայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր անհանգստությունն է հայտնել մարտի 23-ին Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որի նպատակն է պայքարել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ