Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը՝ ուսուցիչներին. «Պետք է լրացնեք էլեկտրոնային մատյաններում»

Մարտ 25,2020 22:22

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով ասաց, որ բժիշկների, իրավապահների հետ միասին ուսուցիչներն արտակարգ դրության օրերին այն մեծ խումբն են, որ միանշանակ աջակցում է Հայաստանում բնականոն գործընթացների իրականացմանը, ապահովում կրթական գործընթացի շարունակականությունը: Նա կոչ արեց նույն ոգեւորությամբ շարունակել հեռավար ուսուցումը, օգտվել heravar.armedu.am հարթակում առկա կրթական գործիքներից:

Կարծիք հայտնեց, որ հեռավար ուսուցումը միանգամայն նոր մակարդակ է դպրոցը եւ կրթական մակարդակը բարձրացնելու: «Այս ներգրավվածությունը թույլ է տալու, որ ունենանք հեռավար կրթության լավ համակարգ, նոր մեթոդներ, որոնք դուք կարող եք կիրառել ձեր ամենօրյա դասավանդման ընթացքում…Ամենեւին չէի սպասում: Իմ տատիկ-պապիկներն, օրինակ, պատմում էին, թե պատերազմի տարիներին իրենք ինչքան վատ պայմաններում են գնացել դպրոց, բայց մենք տեսանք, որ հետագայում՝ հիսուն-վաթսունական թվականները մեր կրթության, գիտության, հասարակության վերելքի տարիներ են եղել: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, ոչ ձեր այս ջանքերը եւս չեն կորելու»,-ասաց նախարար:

Արայիկ Հարությունյանը խոսելիս հազաց, ապա կատակով ավելացրեց. «Չվախենաք, սա կորոնայի հետ կապ չունի, ֆարինգիտ է, դասախոսական հիվանդություն»: Նաեւ ասաց. «Դժվարությունները հաղթահարելու համար են, եւ եթե գիտես, որ ճիշտ նպատակադրում է արված»:

Նախարարը հայտնեց, որ որոշ մարզերից տվյալներ են ստացել, եւ պարզել, որ մեծամասնությունը հեռավար ուսուցում է իրականացնում: «Կան նաեւ խնդիրներ՝ մեր որոշ աշակերտներ եւ ուսուցիչներ չունեն սարքեր՝ մասնակցելու հեռավար կրթությանը, համացանցի հետ կապված խնդիրներ կան, որոնք բոլորը գույքագրում ենք»,-շեշտեց նա:

Նախարարը նշեց, որ ծնողներից դժգոհություններ են ստանում՝ կապված հանձնարարությունների ծավալի հետ: Նա խնդրեց ուսուցիչներն իրենց զգացողությամբ փորձեն չափավորել այն նյութերը, որոնք տրամադրում են աշակերտներին, որպեսզի աշակերտները նույն ոգեւորությամբ շարունակեն հեռավար մեթոդով դասերը:

Անդրադարձ եղավ նաեւ այն հարցին՝ արդյոք արտակարգ դրությունից հետո կլինեն լրացուցիչ դասընթացներ. «Մեզանից յուրաքանչյուրիցս է կախված՝ արդյոք լրացուցիչ դասընթացներ կլինեն արտակարգ դրության ավարտից հետո…Ես ուզում եմ ասել, որ դուք եք որոշելու… Մենք լիարժեք վստահում ենք ուսուցիչներին, դուք պետք է ասեք՝ արդյոք ամբողջությամբ անցե՞լ եք կուրսը, որ նախատեսված էր տվյալ ժամանակահատվածի համար»:

Հիշեցրեց, որ շուրջ չորս հարյուր ուսուցիչների համար հեռավար մեթոդով վերապատրաստում է գնում, եւ ԿՏԱԿ-ը եւս պատրաստ է խորհրդատվություն տրամադրել: Ասաց նաեւ, որ էլեկտրոնային մատյան է ստեղծվել, որը ուսուցիչները պետք է լրացնեն:

Նախարարը չբացառեց, որ հնարավոր է ապագայում լիովին հրաժարվեն թղթային մատյաններից: «Բացի իմ նշած էլեկտրոնային մատյանից, այլ տեղեր պարտավոր չեք լրացնել»,-շեշտեց նախարարը՝ ասելով, որ արդեն շրջաբերականներ է ուղարկվել դպրոցներին:

Հավելեց, որ մեկ օրվա ընթացքում արդեն երեք հազար ուսուցիչ լրացրել է էլեկտրոնային մատյանը: «Բոլորիդ հեռավար գրկում եմ, որովհետեւ հիմա չի կարելի գրկել, համբուրել»,-ասաց նախարարը:

Տեղեկացրեց նաեւ, որ դպրոցներում առկա համակարգիչները հնարավոր է տրամադրվեն այն ուսուցիչներին ու աշակերտներին, որոնք դրա կարիքը ունեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031