Մինչեւ մարտի 31-ը պարետի որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության տեսակների ցանկը փոփոխության կենթարկվի: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Նա ասաց, որ պարետի որոշմամբ այսօր որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, ավելացվել են այն տեսակները, որոնք ուղղակիորեն կապված են եղել բացառություն ունեցող տնտեսական գործունեությունների հետ: Այդ ցանկում հնարավոր է նոր խստացումներ լինեն, կամ, ինչպես փոխանախարարն ասաց, հակառակը՝ թուլացումներ:
Այդ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ կառավարությունը նկատել է, կան տնտեսական գործունեություններ, որոնք թույլատրված են, սակայն դրանց օժանդակող այլ գործունեության տեսակներն արգելված: Ուստի փոփոխությունները վերաբերելու են հատկապես այս ոլորտին:
Ասենք՝ կաթնամթերքի արտադրությունը թույլատրված է, արտադրամասն աշխատում է, բայց հոսքագծերի սպասարկման հետ կապված գործ կա անելու, բայց այդ օժանդակող ընկերությունը արգելվածների ցանկում է:
Կարդացեք նաև
Սիմոնյանը մեկ այլ օրինակ էլ բերեց. «Օրինակ՝ թաղման արարողությունը թույլատրվում է, հնարավոր է քննարկվի նաեւ դագաղների արտադրության գործունեության չսահմանափակելը»:
Իրանի հետ առեւտրաշրջանառության հետ կապված առանձին որոշում կա, փոխնախարարն ասաց, որ հնարավոր է պարետի որոշման մեջ փոփոխություններ արվեն եւ ապրանքների ցանկում ավելացումներ արվեն:
Այս փոփոխությունների մասին մանրամասներն, ինչպես վստահեցրեց փոխնախարարը, պարզ կլինեն վաղը:
Իսկ դոլարի եւ ռուբլու փոխարժեքի փոփոխությունների հետեւանքով առաջացած տնտեսական վնասները մեղմելու առնչությամբ էլ, Սիմոնյանը կրկին վստահեցրեց՝ այս հարցը եւս քննարկվում է, աջակցության փաթեթում է ներառված, եւ սրա մասին մանրամասներն ու հստակ տեղեկությունները կրկին վաղը պարզ կլինի:
Վաղը կառավարությունը ներկայացնելու է այս փոփոխությունների մասին նախագծերը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ