Պարետի՝ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը զրուցասեր, շփումներ սիրող, ջերմ ու հյուրընկալ Գյումրիում ընդունվել է ի գիտություն, այն կատարվում է ամենայն պատասխանատվությամբ, բարձր սոցիալական գիտակցությամբ։
Այս քաղաքի բնակիչները երբեք այսքան կարգապահ չեն եղել․ այսօր ողջ օրվա ընթացքում հետևել ենք, թե ինչ է կատարվում քաղաքի տարբեր հատվածներում։ Քաղաքի կենտրոնը դատարկ է, բոլոր սրճարաններն ու ռեստորանները, խանութները, բացառությամբ սննդի ու 1-2 օծանելիքի, փակ են։ Փողոցներում համարյա մարդ չկա, երթևեկություն՝ նույնպես։
Ընդամենը երկու հոգու ենք հանդիպել Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում․ այս վայրը քաղաքի ամենամարդաշատ տեղանքներից է, տղամարդիկ հավաքվում են, նարդի, բլոտ խաղում ու պարտադիր խոսում են օրվա լուրերից, քաղաքականությունից։ Այնքան շատ են այստեղ հավաքվողները, որ ամեն անգամ եկեղեցու կողքով անցնելիս՝ տպավորություն է, թե միտինգ է։
Կարդացեք նաև
Ինչևէ, մեզ հանդիպած երկու տարեց տղամարդիկ նշեցին, որ իրենցից տեղաշարժման թերթիկ ու անձը հաստատող փաստաթուղթ դեռ չեն պահանջել։
Մեր հարցին՝ ձեզ հարցրե՞լ են՝ ինչո՞ւ եք տանից դուրս եկել, նրանցից մեկը պատասխանեց․ «Ես իմ շենքս, իրավունք չունե՞մ գամ, ստեղ կանգնիմ՝ սրբի դուռը։ Պարապ մարդ եմ, եթե սաղ օրը տունը նստիմ, չեմ զզվի՞, կզզվիս ու ստիպված կելնիս դուրս։ Ես վիրուսից վախեցող չեմ։ Դուրս էլ կելնիս, կսեն՝ գնա տուն, որ գնացի տուն, տունն ի՞նչ կա, տելեվիզորով սաղ օրը ռեկլամ է»։
Մեր դիտարկմանը, թե Գյումրու փողոցները դատարկ են, մեր զրուցակիցն ասաց․ «Էդ ե՞րբ են լիքը էղել օր, ինչղ օր զարկած սամայլոտ, լավ էլ էղնի, վատ էլ էղնի, ինչղ օր պատերազմի դաշտ»։
Մեր մյուս զրուցակիցն էլ դժգոհեց, թե կարծես բոմբ են գցել Գյումրու վրա, մատների վրա կարող ես հաշվել, թե քաղաքում քանի մարդ է մնացել։
Նշենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է օպերատոր Տիգրան Գասաբյանի՝ Գյումրու դատարկ փողոցները ֆիքսած լուսանկարներով, գրելով․ «Շնորհակալություն գյումրեցիներին և ծառայություն իրականացնողներին.
հ.գ. համ ցավցընեգը, համ էլ գիտես որ պետք է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ