Մարտի 24-ի ժամը 23:59 րոպեից Հայաստանի ամբողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումները խստացնելու առիթով հղած ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց նաեւ, որպեսզի այսօրվանից մարդիկ երկու հոգուց ավելի չկուտակվեն: Անգամ բակերում: Անգամ զրուցարաններում:
Այսօր Aravot.am-ը շրջեց Երեւանի փողոցներում՝ տեսնելու, թե ինչպե՞ս է կատարվում պարետատան որոշումը: Փողոցները սակավամարդ էին ու մարդկային կուտակումներ գործնականում չկային: Սակայն որոշ դեպքերում մեծ խմբեր էին կազմում կարգուկանոնը վերահսկող ոստիկանները, որոնք սակայն քաղաքացիների հետ շփվում էին բարեկիրթ ու հարգալից:
Մեր հարցին, թե ի՞նչ են անում, եթե քաղաքացին չի լրացրել տեղաշարժի թերթիկը, եւ շա՞տ են այդպիսիք, մեզ պատասխանեցին. «Դա պարետի որոշման խախտում է համարվում: Այդ դեպքում վարչական խախտման մասին արձանագրություն ենք կազմում՝ նշելով քաղաքացու անձնագրային տվյալները, որը պահում ենք մեր մոտ: Կարգազանցին երկու ամսվա ընթացքում ծանուցում է ուղարկվելու: Եթե հարգելի պատճառով չներկայանա, օրը կհետաձգվի, իսկ եթե չներկայանա առանց հարգելի պատճառի, որոշումը կկայացվի առանց նրա եւ տուգանքի չափը փոստով կուղարկվի նրան»:
Կարդացեք նաև
Ոստիկանը նաեւ ասաց, որ իրենք չգիտեն, թե կարգազանց քաղաքացու նկատմամբ ինչ չափի պատժամիջոց է կիրառվելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ