Սիրելի հայրենակիցներ.
Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:
Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսևորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն