Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Կառավարությունը գնում է իրադարձությունների զարգացման հետևից, այնինչ անհրաժեշտ է մեկ քայլ առաջ քայլեր ձեռնարկել իրավիճակը կանխելու համար». Իշխան Սաղաթելյանը՝ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների մասին

Մարտ 25,2020 19:55

«Մենք ընդհանուր քայլերից, գործողություններից բավարարված չենք, բայց հիմա ավելի շատ խոսում ենք ոչ թե չարված աշխատանքների, սխալների, թերությունների մասին, այլ փորձում ենք առաջարկությունների տեսքով ճիշտ ճանապարհը ցույց տալ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- Aravot.am-ի հարցին՝ ՀՅԴ-ի առաջարկություններից ՀՀ կառավարությունը ի՞նչն է արդեն կատարել և ի՞նչը դեռ պետք է արվի, այսպես պատասխանեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ՀՅԴ ԳՄ-ն ներկայացրեց համավարակի պայմաններում արտակարգ դրության ապահովման և դրանից բխող հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ առաջարկություններ:

Օրինակ՝ առաջարկությունների շարքում էին ձեռնարկությունների գործունեության դադարեցումը, սահմանափակելը ուղևորատար տրանսպորտային ընկերությունների գործունեությունը, ձևավորելը վերահսկելի մեկուսացումների մի քանի մակարդակ` ըստ բնակավայրերի և այլն: Առաջարկություններ կան գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ:

Հարցին՝ առաջնահերթ առաջարկություններից ի՞նչ չի արել կառավարությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Գլխավոր խնդիրը համավարակի տարածման կանխարգելումն է: Սկզբի օրերին մոտեցումը շատ անլուրջ էր, ու այսօրվա տարածման ավելի մեծ ծավալների պատճառը դա է: Առաջին երկուսն էր, որ մասնակի իրականացել է: Երկրորդ առաջարկությամբ մենք հստակ ու հիմնավորված ներկայացրել ենք, որ պետական ապարատը պետք է անցնի խնայողության ռեժիմի և հերթականությամբ թվարկել, թե ինչ քայլեր պետք է իրականացնել: Երրորդը սոցիալապես ծանր, խոցելի բնակչությանն աջակցություն ցուցաբերելն է, քանի որ իրականում օրվա հացի խնդիր կա, ուստի ամբողջ բեռն ու պատասխանատվությունը չպետք է թողնել միայն գործատուների վրա: Այն գործատուները, որոնք հարկադրված գնացել են պարապուրդի, հայտնի է, որ նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող աշխատակիցների աշխատավարձի հարցը լուծել, և պետությունն այստեղ ևս պետք է մասնակցություն ունենա: Դրա հետ կապված ևս կոնկրետ առաջարկություններ արել ենք»:

Հետաքրքրվեցինք՝ վերահսկելի մեկուսացումների ձևավորման հետ կապված առաջարկությո՞ւնն ինչ չափով է իրագործվել, Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց. «Մեր ընդհանուր գնահատականն այն է, որ կառավարությունը գնում է իրադարձությունների զարգացման հետևից: Անհրաժեշտ է մեկ քայլ առաջ քայլեր ձեռնարկել իրավիճակը կանխելու, այլ ոչ թե իրադարձությունների հետևից գնալու համար: Այսինքն՝ պետք է չթողնեինք, որ արտադրամասերում լիներ վարակի տարածում, որ հետո գնայինք, որոշեինք, որ ձեռնարկությունները պետք է փակվեն: Եթե արտակարգ դրություն էր հայտարարվել, անհրաժեշտ էր դրա մասին վաղուց մտածել: Այսպես` ոչ համարժեք կիրառված շատ քայլեր կան, բայց այս փուլում մեր խնդիրը ոչ թե դրանց անդրադառնալն է, այլ ճիշտ առաջարկություններ ուղարկելը, որպեսզի ճիշտ քայլերով ու ճիշտ ճանապարհով գնան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031