Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկները դիմակը տանում են, տանը լվանում, բալկոնից կախում, որ առավոտ նորից կարողանան օգտագործեն». Փաշինյանը նկարագրում է, թե ինչ վիճակ է աշխարհում

Մարտ 25,2020 19:20

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից հարցրեց՝ կառավարությունը դիտարկո՞ւմ է սցենար, որ համաճարակը կարող է տեւել 6 ամիս, կամ ավելի երկար, ունի՞ ռազմավարություն՝ դիմակայելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սոցիալական օգնությունների գաղափարը գայթակղիչ է, բայց այդ գաղափարն ավերածություններ է արել մեր երկրում, մինչեւ հիմա չի ստացվում հաղթահարել. «Մեր հիմնական ուղերձը պետք է լինի այն, որ սոցիալական բարդությունները պետք է հաղթահարել աշխատանքի միջոցով: Հիմա աշխատանքի հնարավորությունները սահմանափակված են, բայց մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ աշխատողին պահենք աշխատավայրում, սոցիալական աջակցության խմբում չհայտնվի»: Փաշինյանն ասաց, որ հավաքական «կուչ գալու» տրամաբանությունից պետք է դուրս գանք, պետք է պատրաստվենք թռիչքի, հաղթանակի:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի տեւողությամբ պայմանավորված քայլերին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք պատրաստվում 6 ամիս փակել մեր քաղաքացիներին տներում, ասել՝ դուրս չգաք: Մենք սա մի շաբաթով ենք սահմանել, սրա ազդեցությունը կդիտարկենք պրոցեսների վրա, կարող է պարզվի, որ մենք ասենք՝ հա ժողովուրդ ջան, կորոնավիրուս է՝ կորոնավիրուս է, հիմա բոլորս գնացինք զբաղվելու մեր գործով»:

Հետո Փաշինյանը հայտարարեց. «Ասում եք՝ պետությունը պետք է պատրաստ լինի բոլոր զարգացումներին: Եկեք հլը գնանք նայենք աշխարհի գերզարգացած պետությունները ոնց են այսօր արձագանքում կորոնավիրուսին, ինչ վիճակում են հայտնվում: Մեզ այսօր ամբիոնների մոտ կանգնում ասում եք՝ վա՜յ, դիմակ չկա, դիմակը թանկացել է: Դուք գիտե՞ք այսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա, հիվանդանոցներում՝ ամենաթոփ մակարդակի, դիմակը բժիշկները տանում են տանը լվանում, բալկոնից կախում, որ առավոտ նորից կարողանան օգտագործեն»:

Պատգամավորները դահլիճից հետաքրքրվեցին, թե ո՞ր երկրում է այդպես, վարչապետը պատասխանեց. «Ես երկրների անունները չտամ, բայց դրանք աշխարհի տեխնոլոգիական եւ ամեն ինչով առաջատար երկրներն են: Դուք թոքերի օդափոխման սարքերի հարց եք տալիս, մտեք մամուլը նայեք, փողոցում ծառերի տակ մահճակալներ են դրած ու սիստեմաներ են միացած՝ հիվանդանոցների մերձակա այգիներում: Սենց բան Հայաստանում լիներ, պատկերացնո՞ւմ եք այս դահլիճում ինչեր կկատարվեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031