Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ուրիխանյանի հարցը բարկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուրիխանյանն ասաց, որ օրինագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է վարկային արձակուրդ տրամադրել քաղաքացիներին՝ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակահատվածում, ֆորս-մաժորային պայմաններում: Նա հորդորեց որոնել ու փնտրել լուծումներ, ընդ որում՝ առաջարկեց տոկոսների սառեցում, չեզոքացում լինի:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Եթե մեկը ձեր նկատմամբ ֆինանսական պարտավորություն ունենա ու ասի՝ եկեք չկատարեմ պարտավորությունը, մինչդեռ դուք էլ ուրիշի նկատմամբ ունեք ֆինանսական պարտավորություն, այդ ուրիշն էլ չորրորդի նկատմամբ ունի պարտավորություն, ո՞նց եք է այդպես…Հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք, էդ լո՞ւրջ եք ասում: Հո տենց ասելով չի, կներեք: Խոսքի արժեքին էլ պետք է, չէ՞, հետեւել: Օրենսդրական նախաձեռնություն արեք, Հայաստանի բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել, այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով: Ընդունե՛ք: Առաջարկեք՝ մարդա 10 հազար դոլար բաժանել բոլոր քաղաքացիներին անխտիր, առաջին հերթին՝ քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում: Խորհրդարանում հավաքեք, կոնսենսուս ձեւավորեք, 10 հազար չէ, 50 հազար՝ ամեն մարդու: Մնում-մնում՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, ձե՞ռ եք առնում: Տպավորություն է, որ դուք ըտենց բաժանողն եք, մենք էլ թույլ չե՞նք տալիս: Գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց վափշե, հերիք ա, հա՞»:
Ուրիխանյանն արձագանքեց. «Դուք անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք իմ կողմից ձեր նկատմամբ, ձեռ եք առնումը ո՞րն է: Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի միտք արտահայտի, մտահոգություն արտահայտի: Ասում եմ՝ միասին աշխատենք, ընտրենք սպառողական վարկ վերցրած մարդկանց: Մարդիկ լեն օրվանից չեն վերցնում սպառողական վարկ: Դուք չեք ուզում իմ մեկնած ձեռքը սեղմել, ուրիշ բաներ եք ասում՝ բռնագրավենք, բան…: Դուք էիք ասում մինչեւ հեղափոխություն բռնագրավենք, կոպեկ առ կոպեկ բերենք ու նաեւ շատ բաներ: Բա եկեք անենք: Բայց դա այլ թեմա է: Ձեր ասած անպատասխանատու վարկառուն 3 ամիս հետո գնալու է մուծի, ոչինչ, թող 3 ամիս էլ անպատասխանատու լինի, բա ֆորս-մաժոր է»:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ նիստում Ուրիխանյանը խանութներից ծեծկռտուքի տեսանյութեր էր նկարագրում, ցույց տալիս. «Մինչեւ այդ խանութ ուղարկեցինք, տեսնենք՝ ինչ է կատարվում, ֆոտոներն եկան, դուք արդեն այստեղ չէիք»:
Կարդացեք նաև
Ուրիխանյանը տեղից արձագանքեց, որ մամուլն էր նկարագրում, ես չէի: Փաշինյանն էլ պատասխանեց. «Մամուլն ինչ ասես նկարագրում է այսօր, բա ԱԺ պատգամավորը վեր կենա, արտակարգ դրության հարցի քննարկման ժամանակ ասի խանութներում ծեծկռտուքնե՞ր են: Երկրորդը՝ ասում եք՝ սպառողական վարկեր: Ես ԱԺ պատգամավոր եմ եղել 2012-ից, մեր տանը ինչ գնել ենք, գնել ենք սպառողական վարկերով, մի հատ կարա՞ք ինձ ասեք՝ ինձ ինչի՞ պիտի հարկային արձակուրդ տային ֆորս-մաժորի բերումով: Այստեղ լիքը մարդ հաստատ սպառողական վարկով բան ունի գնած, ինչի՞ պիտի իրենց հարկային արձակուրդ տանք: Ինչ վերաբերում է կոպեկ-կոպեկ հետ բերելուն, այո՛, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, սահմանադրական հանրաքվեն էլ դրել ենք, որ մաֆիոզները իրենց մաֆիաներով, իրենց մաֆիոզ իրավաբաններով իրենց կառույցները չպաշտպանեն: Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում այն տեղերից, որտեղից դուք մտածում եք չենք հասնի ու չենք բերի: Բերելո՛ւ ենք»:
Հռիփսիմե ՋԵԲՋՅԱՆ