«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախօրոք զգուշացրեց՝ հարցս տարօրինակ չթվա, հարց չեմ ուզում տալ, միտք եմ ասում ու առաջարկեց. «Մայր աթոռ սուրբ Էջմիածնում է պահվում Աստվածամուխ սուրբ Գեղարդը: Բոլորիս հայտնի է, որ Սուրբ Գեղարդը հռոմեական զինվորի կողմից եղել է նիզակի ծայրը, որը խոցել է Քրիստոսին, որից արյուն ու ջուր է հոսել: Գիտեք, որ 1798-ին ժանտախտ է ընկել Վրաստանում, Գեորգի վրաց թագավորը դիմել է հայոց կաթողիկոսին, որ շրջեն Վրաստանում դա ու մեծ օգուտ է տվել: Սա նաեւ հավատ է: Այսօրվա արհավիրքի դեմ շատ փորձություններ պիտի անցնենք: Մեզ՝ ԱԺ պատգամավորներիս, հավատի սնունդ էլ է պետք, որ մեր ժողովուրդը համախմբվի եւ դիմակայի այս արհավիրքին»:
Սասուն Միքայելյանը հորդորեց, որ դիմեն կաթողիկոսին, որ սուրբ Գեղարդը շրջեն ամբողջ հանրապետությունում՝ որպես քրիստոնյա ժողովուրդ. «Աշխարհին ցույց տանք, որ մենք մեր հավատով կարող ենք օգուտ տալ մեր ժողովրդին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ