Սննդի անվտանգության տեսչական մարմնի հսկողության տակ գործող օբյեկտներն, օրինակ սպանդանոցները, խանութները տեսչական մարմին հաշվետվություն են ներկայացնում տեսանյութերի եւ լուսանկարների միջոցով: Այսօր այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ընթացքում ասաց տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա հավելեց՝ այդ ոլորտներում հսկողության այլ խստացում չկա, պարզապես բոլորին հորդորել են հաճախ ախտահանեն իրենց տարածքները:
Արարատի մարզի գյուղմթերքի խոշոր շուկայում չեն պահպանվում անվտանգության կանոնները, այստեղ գյուղմթերքի առքուվաճառք է իրականացվում գրեթե բոլոր մարզերի բնակիչների միջեւ: Այս առնչությամբ, Ավետիսյանն ասաց՝ տեղյակ է այդ շուկայից, տեսչական մարմնի մարզային կառույցին հանձնարարել է շրջայց իրականացնեն եւ վաճառողներին պարտադրեն ձեռնոցներ կրեն ու ախտահանիչ նյութեր օգտագործեն:
ՀՀ արտադրության սննդամթերքի արտահանման վրա սահմանափակումներ կիրառելուն Ավետիսյանը կողմ է, սակայն հավելեց՝ դա պարետատան որոշելիքն է ու չբացառեց, որ արտակարգ դրության ժամանակ հնարավոր է նաեւ նման որոշում կայացվի:
Տեսչական մարմնի ղեկավարի հավաստմամբ՝ կենդանիներից մարդուն կորոնավիրուսի փոխանցվելու դեպքեր չկան. «Ու աշխարհում չկա որեւէ ապացուցված դեպք, որ հնարավոր է վարակվել կորոնավիրուսով ընտանի կամ գյուղատնտեսական կենդանուց»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ՀՀ-ում մարտի 16-ից մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն, երեկվանից խստացվել եւ սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը:
Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակի, մարտի 25-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 265 հաստատված դեպք, որից 16-ը նոր դեպքեր են, 16-ը բուժվել են, մահվան դեպքեր չկան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ