Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը». Սեւ ցուցակի գյուղացիներին հորդորում են կոոպերատիվ կազմել

Մարտ 25,2020 17:42

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ ամբողջ աշխարհում պարենային անվտանգության հաշվարկներ են անում, կառավարությունը ըստ մարզերի տվյալներ ունի՞, թե ինչ պետք է ցանել, որ աշնանը խնդիր չունենանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ վաղը կառավարությունում բավականին ծավալուն փաթեթով որոշում են ընդունելու, որը գյուղատնտեսության հետ է կապված. «Հիմա գյուղատնտեսությամբ զբաղվելու ամենալավ ժամանակն է ե՛ւ սեզոնի առումով, եւ՛ արտակարգ դրության ու կորոնավիրուսի: Ճգնաժամի արդյունքում աշխարհում պարենն ամենապահանջված ապրանքներից է լինելու: Մենք զարգացման խնդիր ենք լուծում ու գյուղատնտեսության կառուցվածքում պետք է անենք էական փոփոխություն: Մենք զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը ու կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր այն ֆերմերներին, անհատներին, որոնք ունեն վարկային պոզիտիվ պատմություն, սեւ ցուցակներում չեն: Հիմա հարց կառաջանա՝ բա այն մարդիկ, ովքեր սեւ ցուցակում են, իրե՞նք ինչ անեն: Մենք իրենց համար էլ ունենք առաջարկ. ասում ենք՝ ժողովուրդ ջան, հավաքվեք, ստեղծեք գյուղատնտեսական կոոպերատիվներ ու այդ պարագայում հնարավորություն կունենաք: Մենք նաեւ պատրաստվում ենք գյուղատնտեսական կոոպերատիվների ընտրված ղեկավարի համար դասընթացներ ապահովել, միայն լիցենզավորված մարդիկ կկարողանան կոոպերատիվների ղեկավար աշխատել: Որպեսզի այս ուղղությամբ վարկավորումը գնա, մենք նախատեսել ենք, որ բանկերի հետ կառավարության համաֆինանսավորումը կարող է հասնել ընդհուպ՝ 70 տոկոսի»:

Կառավարությունը կանխատեսում է, որ արտագնա աշխատանքի գնալու հետ կապված խնդիրներ կլինեն ու այն քաղաքացիները, որոնք չեն գնա արտագնա աշխատանքի՝ խոպանի, կառավարությունը կքաջալերի, որ զբաղվեն գյուղատնտեսությամբ: Արդյունքում՝ այնքան շատ գյուղմթերք կարտադրվի, որ կարող ենք նույնիսկ արտահանել:

Վարչապետը նաեւ ասաց. «Իմ քաղաքական գործունեության ընթացքում ես հարյուրավոր գյուղեր եմ մտնել ու գրեթե առանց բացառության լսել եմ ջղայնացած խոսակցություն այն մասին, թե ինչպես գյոզալ կոլխոզները քանդեցին: Մենք էլ ասում ենք՝ Ստալինը, որ զենքի ուժով է այդ կոլխոզները ստեղծել, դուք էլ այդքան նոստալգիայով եք հիշում, մենք ձեզ հիմա հնարավորություն ենք տալիս, ասում ենք՝ ֆինանսավորում ենք տալիս, գնացեք կամավոր ստեղծեք»:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց գյուղատնտեսության լացուկոծի քաղաքականությունը փոխարինել ռազմավարական առաջընթացի քաղաքականությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031