Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրայինի՝ գովազդի իրավունքի վերականգնումը ունի եւ դրական եւ ոչ այնքան դրական կողմեր». Թեւոսյան

Մարտ 25,2020 15:54

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում էր «Հանրային հեռուստաընկերությանը» առեւտրային գովազդի հնարավորություն ընձեռելու մասին օրինագիծը, որը հեղինակել է կառավարությունը: Օրինագծի զեկուցող, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից պատգամավորները հետաքրքրվեցին՝ եթե գովազդի իրավունքը վերականգնվի, հետագայում պետությունը կվերանայի՞ հանրայինին տրամադրվող ֆինանսավորման չափը: Վահե Դանիելյանը պատասխանեց. «Նախ, չեմ կիսում դիրքորոշումը, թե հանրայինին մեծ գումար է տրամադրվում: Եթե համեմատենք եվրոպական երկրների եւ տարածաշրջանի հետ, հանրայինը վերջին տեղում կլինի: Այդ հարցի վերջնական դիրքորոշումն ունենալու համար պետք է հասկանալ, թե այս փոփոխության ընդունումից հետո որքան գովազդ կունենա հանրայինը»:

Փոխնախարարի խոսքով՝ գովազդի թույլատրումը չի նշանակելու հանրայինի առաքելության փոփոխություն, ավելին՝ գիտակրթական, ճանաչողական եւ տեղեկատվական հաղորդումներն ավելանալու են եւ ավելի լավն են դառնալու. «250 միլիոն դրամի գովազդային եկամուտ է ակնկալվում»:

Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը նշեց, որ օրինագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել, «դեմ» քվեարկողներ էլ են եղել:

Թեւոսյանի կարծիքով՝ գովազդի իրավունքի վերականգնումն ունի եւ դրական եւ ոչ այնքան դրական կողմեր. «Ոչ այնքան դրականի մասին քանիցս խոսել ենք: Դա այն է, որ կոմերցիոն գովազդի իրավունքի վերադարձը կարող է դժվարություններ ստեղծել մասնավոր հեռուստաընկերությունների համար՝ գովազդ հայթայթելու տեսանկյունից: Բայց կարեւոր է նաեւ գիտակցել, թե ինչին ենք առաջնահերթություն տալիս: Դրական կողմն ուղղված է մասնավոր հեռուստաընկերությունների շահերին: 2015թ.-ին, երբ հանրայինը գովազդից զրկվեց, ասվեց, որ գովազդի կարիք չկա: Բայց հանգամանքների բերումով, նաեւ՝ քաղաքական, այսօր ունենք իրողություն, որ ձեւավորվել է բիզնես իմպերիա, որի հետ փոխկապակցված ընկերությունները միանձնյա տնօրինում են գովազդային շուկան»:

Վահագն Թեւոսյանի բնորոշմամբ՝ հանրայինին գովազդի հնարավորությունը վերադարձնելը կբացառի մեկ ընկերության կողմից գնագոյացման միանձնյա նախաձեռնողականությունը, կստեղծվի մրցակցային միջավայր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031