ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես իր դժգոհություններն էր ներկայացրել իշխանությունների քայլերի հետ կապված: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում արձագանքելով նրան՝ ասաց, որ կողքից խորհուրդներ տալը շատ հեշտ է. «Նույնիսկ տարբեր երկրների ղեկավարներ՝ Անգլիայի վարչապետը, ԱՄՆ նախագահը,տարբեր զարգացումների ընթացքում տարբեր մեկնաբանություններ են անում: Կա փաստ, որ Հայաստանն այսօր չունի դատարկ սննդի խանութներ, փաստ է, որ ՀՀ-ում ամբողջ ինֆորմացիան տրամադրվում է, փաստ է, որ ՀՀ-ն վերահսկում է, ՀՀ-ում մենք դեռ շատ ծայրահեղ դեպքեր չունենք: Կողքից միշտ կարող է ամեն մեկը մի բան ասել»:
Ծառուկյանն ասել էր, որ գործարարների կաշին քերելով՝ բյուջե են լցնում: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որեւիցե մեկը կաշի քերթելով բյուջե չի լցնում: Մարդիկ դուրս են եկել սեւ դաշտից, իրենց վճարումներն անում են, հարյուրին հասնող ծրագրեր կան տարբեր բիզնեսների համար՝ օգնելու եւ աջակցելու համար: Մենք նույնիսկ վերջին եռամսյակը գերակատարել ենք ու այն մարդը, ով կասի, որ կաշի քերթելով բյուջե ենք լցնում, ճիշտ չի պատկերացնում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Օրենքի առաջ հավասար լինելը եւ հարկեր վճարելու պարտականությունը, ենթադրում եմ, որոշ մարդկանց համար միշտ չի, որ Հայաստանում եղել է նման իրավիճակ, եղել են արտոնյալներ, որոնք հարկեր չեն վճարել, դրա դիմաց որոշ մարդկանց միգուցե բնակարաններ են նվիրել, որոշ զարդեր են ստացել: Այ իրենց համար, այո՛, պետք է քերթվի եւ պետք է բերեն բյուջե վճարեն բոլոր այն գումարները, որոնք ՀՀ քաղաքացիներին են եւ որոնք ուղղվելու են նման իրավիճակներում ՀՀ-ում պարենային ապրանքներ լինելուն, հիվանդանոցները վերակառուցելու ու նախապատրաստելու ճգնաժամային իրավիճակներին: Այսօր ՀՀ-ն ամենալավ ձեւով է դիմակայում՝ աշխարհի մակարդակով: Տեսեք հարեւան երկրների քաղաքացիները Մոսկվայի օդանավակայանում ինչպես են քնում եւ ինչպես են տեղափոխում: Տեսեք, թե ինչ վիճակում են գտնվում եվրոպական երկրները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ