Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր իսկ բացահայտվեցին տարաբնույթ բացեր և թերություններ. «Սասնա Ծռեր»

Մարտ 25,2020 15:50

Երեկ՝ 2020 թ. մարտի 24-ին, ընդունված որոշումը՝ քաղաքացիների ինքնամեկուսացման և նրանց տեղաշարժի էական սահմանափակման վերաբերյալ, անսովոր և ծանր պարտականություն է պետական կառավարման համակարգի, հատկապես՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող իրավապահ մարմինների համար:

Այսօր իսկ բացահայտվեցին տարաբնույթ բացեր և թերություններ: Դրանք, արտակարգ իրավիճակի պայմաններում օբյեկտիվորեն սպասելի լինելով հանդերձ, պետք է հնարավորինս կարճ ժամկետում լրացվեն և շտկվեն:

Մասնավորապես՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և մյուս քաղաքներում ու բնակավայրերում թեև տեղաշարժը նկատելիորեն նվազել է, սակայն զգալի չափով չի համապատասխանում սահմանված ռեժիմի պահանջներին:

Միայն ուղևորներով լի երթուղայինների և զգալի չափով ծանրաբեռնված կանգառների առկայությունը բավարար է, որ համաճարակը շարունակի գրեթե նույն տեմպերով տարածվել:

Իսկ Ոստիկանության աշխատանքի աչքի ընկնող թերությունը նրա կարգախմբերի անհավասարաչափ բաշխվածությունն է:

Զուգահեռաբար՝ հստակ պատասխաններ չկան, թե ինչպես են լուծվելու ապրուստի միջոցներից և կենսագործունեության նվազագույն պայմաններից զրկվող քաղաքացիների պրոբլեմները:

Արտակարգ դրության ռեժիմի նշված և բազմաթիվ այլ բացերն ու թերությունները հաշվի առնելով, ՀՀ իշխանություններին առաջարկում ենք.

Անհապաղ դադարեցնել առնվազն երթուղայինների աշխատանքը, քանի որ դրանցում անհնար է պահպանել սոցիալական հեռավորություն:

Հեռացնել համաճարակային իրավիճակի համար անհեթեթ զրահամեքենաները և Ոստիկանության կարգախմբերը ցանցային եղանակով բացազատել քաղաքների ամբողջ տարածքով մեկ՝ մինչև ամենախուլ թաղամասերը և քաղաքացիների նկատմամբ կիրառել համոզման ու հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ:

Առկա ռեսուրսները վերաբաշխել այն տրամաբանությամբ, որ առաջին հերթին լուծվեն կորոնավիրուսով վարակվածների բուժօգնության, համաճարակի տարածման կասեցման, ինչպես նաև աղքատների, օրավարձով ապրողների, վարձակալությամբ բնակվողների, կոմունալ ծառայությունների վճարումների և վարկային ու հարկային պարտավորություններ ունեցողների, աշխատանքը կորցնողների, հարկադիր պարապուրդում գտնվողների և այլ պատճառներով դժվարին կացության մեջ հայտնվածների պրոբլեմները: Այս պրոբլեմների հանգույցը օրավարձով աշխատող հարյուր հազարավոր քաղաքացիների ապրուստի հարցն է, որը լուծելու դեպքում մնացյալ պրոբլեմների կարևոր մասը կլուծվի:

Զուգահեռաբար՝ քայլեր ձեռնարկել կոմունալ և կապի ծառայությունների վճարումները հնարավոր մասով չեղարկելու, առնվազն՝ հետաձգելու, հատկապես գազի և էլեկտրաէներգիայի գիշատչական և ուռճացված սակագները նվազեցնելու, այդ նպատակով՝ համաշխարհային շուկայում էներգակիրների գների կտրուկ անկման համատեքստում Ռուսաստանի հետ կնքված գազի մատակարարման պայմանագրերը վերանայելու, ինչպես նաև բենզինը և դիզվառելիքը ինքնարժեքին մոտ գնով վաճառքի հանելու ուղղությամբ:

Այս ամենն իրականացնելու գործում ՀՀ իշխանություններից պահանջում ենք հետևել արդարության օրենքին և բանկերի ու մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունների փոխարեն նախապատվությունը տալ կարիքավորին, քաղաքացուն, մանր ու միջին բիզնեսին և այնպես անել, որ անխուսափելի տնտեսական կորստի բեռը բոլորի ուսերին դրվի համամասնորեն:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031