Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Եթե քաղաքացիների կողմից պարոն Մարուքյանն արժանացել է ձեռառնոցիի, միգուցե ամպագոռգոռ եւ դեմագոգիկ հայտարարություններ անելուց առաջ մտածի». Ալեն Սիմոնյան

Մարտ 25,2020 15:29

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին լրագրողները փոխանցեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դժգոհությունը, որ իշխանությունները օրավարձով ապրող մարդանց համար առաջարկ չունեն, հացի խնդիրը չեն լուծում: Նա արձագանքեց. «Դե հիմա շատ հեշտ է տարբեր բաներ առաջարկել, որ ամեն անկյունում մարդ կանգնի ու գումար բաժանի, որ ոչ մեկը որեւէ բան չվճարի: Կառավարությունը ինչ անում է` անում է առանց Էդմոն Մարուքյանի առաջարկի, արել է ու շարունակում է անել»:

Դիտարկմանը, որ պետությունը պարտավորություններ ունի՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես ասացի նման պարտավորություն չկա՞: Պետությունը կանի՝ առանց որեւէ մեկի հուշելու ու կանի իր հնարավորությունների սահմաններում: Գիտեք ինչ, շատ սահմանափակում են մտցնում, ասում են՝ բա տնտեսությունը, բա այս մարդիկ, բա այն մարդիկ: Քիչ սահմանափակում են մտցնում, ասում են՝ բա հեսա մարդիկ կմեռնեն: Իշխանությունը գործում է՝ ըստ օրվա, ժամի հրամայականի: Վստահ կարող եմ ասել ու պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ վիճել, որ Հայաստանն այսօր համաշխարհային այս իրավիճակում ամենաշուտ արձագանքող ու ամենաքիչ տուժած երկրներից է»:

Հարցին՝ Մարուքյանը նաեւ ասում է, որ տատիկ-պապիկներին առավոտյան ուղարկում եք խանութ, բայց փող ունե՞ն, որ խանութ գնան, կամ ասում է, որ երբ առաջարկում էին Իրանի հետ սահմանը փակել, Միլանի չվերթները հետաձգել, լուրջ չէին վերաբերվում, ձեռք էին առնում, ինչպե՞ս կարձագանքեք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իրանից Հայաստան եկած քաղաքացիներից միայն մեկն է եղել վարակված, որը մեկուսացվել է ու Իրանից «ճյուղ» մենք չունենք: Կա արտադրամասի ճյուղը, որը Իտալիայից ժամանած քաղաքացու ոչ պատշաճ վարքագծի հետեւանքով է եղել: Ունեցել ենք մի իրավիճակ, երբ ինքը փաստացիորեն թաքցրել է: Երկրորդ ճյուղը հայտնի նշանադրությունն է, որը նույնպես  Իտալիայի «ճյուղն» է: Անընդհատ ասել, որ եկեք այսպես անենք, եկեք այնպես անենք՝ չունենալով որեւէ պատասխանատվության զգացում ու որեւէ տեղեկատվություն, դրա հետեւանքով է, կարծում եմ, որ ձեռ են առնում: Ես չեմ տեսել, որ մեր գործընկերները ձեռ առնեն, եթե քաղաքացիների կողմից պարոն Մարուքյանն արժանացել է ձեռառնոցիի, միգուցե ամպագոռգոռ եւ դեմագոգիկ հայտարարություններ անելուց առաջ մտածի, որ նման արտահայտությունները կարող են նաեւ նման արձագանք ունենալ»:

Ինչ վերաբերում է տատիկ-պապիկներին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը. «Մենք թոշակները բարձրացրել ենք, թոշակները տանում հասցնում ենք տուն, չենք տարանջատում որեւիցե մեկին, բարձրացնում ենք հա՛մ թոշակները, հա՛մ հասարակ մարդկանց մինիմալ աշխատավարձերը, արվում է ամեն ինչ: Ես նման գործելաոճը, անկեղծ ասած, ճիշտ չեմ համարում: Ես կարող եմ կանգնել ասել՝ արագ փակեք բոլոր պատուհանները, բոլորին փակել, բայց դրա հետեւանքների պատասխանատվությունը պարոն Մարուքյանը չի կրում եւ չի էլ կրելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031