Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։:
Որևէ կերպ չհասկանալով կորոնավիրուսային արհավիրքով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության տոտալ վերահսկման փորձի անհրաժեշտությունը` Հայաստանի ժուռնալիստների միությունը ողջունում է կառավարության սույն որոշմամբ սահմանափակումների թեկուզ շատ չնչին ազատականացումը, ուրախ ենք, որ ԶԼՄ-ների ձայնն ինչ-որ չափով լսելի դարձավ:
Ասել, թե մամուլն այսուհետ անկաշկանդ կգործի արտակարգ դրության պայմաններում, չենք կարող, քանի որ մենք շարունակում ենք այս առումով դուրս գտնվել ժողովրդավարական երկրների ընտանիքից ու համարվում ենք այն 3 երկրներից մեկը, ուր արտակարգ դրությունն առաջին հերթին վերաբերեց մամուլի ազատության ոչ համաչափ սահմանափակմանը:
Հայաստանյան մամուլը բոլորովին դեմ չէր կատարել պարետի ցուցումները, համագործակցել կառավարության հետ, տալ ճշտված տեղեկատվություն, բայց դրա համար խիստ անհրաժեշտ էր, որ պարետն ու համապատասխան կառավարչական մարմիններն օպերատիվ արձագանքեն մամուլի բարձրացրած խնդիրներին ու հարցադրումներին, ինչը, ցավոք, այս պահին խնդիր է:
Կարդացեք նաև
Պնդում ենք նաև, որ չկար կարիքն այս ծավալի սահմանափակումներ կիրառելու համար, և պատահական չէ, որ դա ընկալվեց՝ որպես ազատ խոսքը սահմանափակելու ու ԶԼՄ-ների աշխատանքը վերահսկելու փորձ, ու արձագանք գտավ նաև միջազգային փորձագետների ու կազմակերպությունների հայտարարություններում:
Միևնույն ժամանակ՝ ուրախ ենք, որ լրատվամիջոցների ղեկավարների բարձրացրած բողոքի ձայնն ահազանգ դարձավ ու կառավարությանը զերծ պահեց միջազգային պարտավորությունները չկատարելու գայթակղությունից, քանի որ «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող նյութեր» եզրույթի կիրառությունը չի բխում մեր երկրի միջազգային պարտավորություններից:
Ընդգծելով այն հանգամանքը, որ մամուլի աշխատանքի սահմանափակումները խիստ մասնակիորեն են վերացվել, արձանագրում ենք ԶԼՄ-ների բարձրացրած ձայնին ականջալուր լինելու գովելի փաստը:
Այնուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե Հայաստանի ժուռնալիստների միությունն ինչու ընդգրկվեց այն կազմակերպությունների ցուցակում, որի գործունեությունն այս մեկ շաբաթվա ընթացքում առնվազն պետք է դադարեցված լինի:
Հույս ունենք, որ ապագայում այլ միջոցներ չեն ձեռնարկվի մամուլի ազատ ու անկաշկանդ աշխատանքը խոչընդոտելու և խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ:
Ուզում ենք նշել նաև, որ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ևս իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ` ընդգծելով, որ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին և նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը:
Հայաստանի Ժուռնալիստների միություն