Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատիժներ են սահմանված ինքնամեկուսացումը, մեկուսացումը խախտողների եւ այլ անձանց վարակողների համար

Մարտ 25,2020 15:15

Արտակարգ դրություն սահմանելուց հետո քրեակատարողականների նկատմամբ եւս սահմանափակումներ են մտցվել: Արգելվել են հարազատների հետ տեսակցությունները, ազատազրկված անձինք նրանց հետ տեսազանգով են հաղորդակցվում: Արգելվել է նաեւ հանձնուքների, ծանրոցների, փաթեթների հանձնումը ազատազրկման վայրեր: Այս մասին այսօր կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում ասաց Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը, Արդարադատության նախարարության հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում եւ ախտահանիչ նյութերով սանիտարական մաքրումներ անում քրեակատարողական հիմնարկներում:

Այս պահին, ըստ տիկին Սարգսյանի, ազատազրկման վայրերում կորոնավիրուսով վարակված ոչ մի դեպք չունենք:

Արփինե Սարգսյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի հետ ներկայացրին պարետի որոշման պայմաններն ու պահանջները:

Հարցին՝ լրագրողների համա՞ր էլ ձեւաթուղթը պարտադիր է, Հայկ Մհրյանը պատասխանեց՝ պարտադիր չէ, եթե ցույց տան իրենց «բեյջը»:

Արփինե Սարգսյանն ասաց, որ Արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ մարտի 23-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Ըստ այդ փոփոխությունների, առավել հստակեցվել են ԶԼՄ-ների նկատմամբ սահմանված պահանջները:

Այսպես՝ եթե լրատվական գործունեություն իրականացնողը չպահպանի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված սահմանափակման կանոնները եւ հրապարակի այնպիսի տվյալներ, որոնք պետք է չհրապարակեր, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով: «Չենք բացառել նաեւ այն դեպքերը, երբ, օրինակ՝ լրատվական գործունեություն իրականացնողը հրապարակի որոշակի տեղեկատվություն, ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց վարչական տույժի կիրառումից հետո կրկին չհեռացնի այդ հրապարակումը: Այս դեպքում եւս կենթարկվի վարչական պատասխանատվության՝ այս անգամ կտուգանվի նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով»,-ասաց Արփինե Սարգսյանը:

Նա ասաց, որ վարչական պատասխանատվություն է նաեւ նախատեսված ազատ տեղաշարժի իրավունքի, ինքնամեկուսացման եւ մեկուսացման, ինչպես նաեւ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակման կանոնները չպահպանելու եւ դրանք խախտելու համար: Այս դեպքում կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով:

Այն անձինք էլ, որոնք կխախտեն ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակման կանոնները կամ ինքնամեկուսացման, մեկուսացման կանոնները, եւ, արդյունքում, անզգուշությամբ կկատարեն անձի վարակում, ապա, այս դեպքում կենթարկվեն ոչ թե վարչական այլ քրեական պատասխանատվության:

Այդ պատասխանատվությունն ավելի ծանր կլինի, եթե մարդու առողջությանը ծանր վնաս հասցնի, առաջացնի մահ կամ երկու եւ ավել անձի վարակում տեղի ունենա: Քրեական պատասխանատվություն է նախատեսված նաեւ դիտավորյալ վարակելու դեպքերի համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031