Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Արեւելք Չարենցի հետ. ինչպես է բանաստեղծի տուն-թանգարանը գործում առցանց հարթակում

Մարտ 25,2020 14:37

Aravot.am-ը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող Աննա Ստեփանյանից հետաքրքրվեց, թե առցանց հարթակում ինչպես է իր գործունեությունն իրականացնում թանգարանը: Տիկին Ստեփանյանը տեղեկացրեց, որ թանգարանն իր գործունեությունը սկսել է տարբեր ծրագրերով: «Ծրագրերը հաճախ են թարմացվում և փոփոխվում՝ այցելուներին հնարավորություն տալով ինտեգրվել թանգարանային կյանքին տնից: Այս անգամ մեկնարկել է «Դեպի արևելք» կոչվող ծրագիրը, որի շրջանակում համացանցում կտարածվեն հետաքրքիր փաստեր ու լուսանկարներ Չարենցի համանուն գրքից»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Աննա Ստեփանյանն ընդգծեց. «Չարենցի պոեզիայում կարևորագույն տեղ են զբաղեցնում այն գործերը, որոնցում վառ արտահայտված է սերը Արևելքի հանդեպ: Չարենցի բնակարանում ևս զգալի է արևելյան շունչը: Չարենցի կենդանության օրոք նկարիչները նկարել են «Մահաթմա Չարենց»-ին, թասակ ու կոստյում համադրող Չարենցին, Բուդդայի արձանիկներով իրեն շրջապատող Չարենցին: Այսինքն` նկարել են այնպես, ինչպես տեսել են կյանքն Արևելքով լցրած կարսեցուն:

Մինչ օրս Արևելքի հանդեպ սերն ու արևելյան ժանրի գործերը, արևելյան իրերի մասին տեղեկությունները մեկտեղված չէին` չնայած անցել են տասնամյակներ, և, թեպետ այսօր մեր գերխնդիրը պետք է լիներ թարգմանությունների միջոցով Չարենցին ներկայացնել աշխարհին, ծանոթացնել աշխարհին մեծ մարդասերին, մենք որոշեցինք ամբողջացնել կիսատ մնացած այս մեծ բացը` մեկտեղել Չարենցի Արևելքը:

Եվ այժմ գրքում տեսնում եք ներկայացված հայտնի սիրաձոնը`«Տաղարանը», ռուբայիներն ու գազելները, բեյթերն ու դիստիքոսները, թանկաները: Ժանրաձևեր, որոնց գրության պահին Հայաստանում շատ քչերը գիտեին համաշխարհային գրականության մեջ կիրառում գտած այս երևույթների մասին: Գրքում յուրաքանչյուր ժանրաձև ունի իր խորհրդանշան-զարդանախշը: Գրքի յուրաքանչյուր բաժին առանձնացված է հատուկ տարբերանշանով: Նկարների թեմատիկ դասավորությունը համապատասխանում է ժանրի ներքին բովանդակությանը: «Տաղարան»-ի բաժնում Սարյանի վրձնած Արփիկի նկարն է: Թանկաներ բաժնում ճանապարհորդությունից բերված ճապոնական փայտափորագրությունների, չինական համապատկերների (պաննոների) նկարներն են և այսպես շարունակ` վեց բաժին:

Գիրքը բացվում է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի «Մահաթմա Չարենց» նկարով, որի վերևում Չարենցն իր ձեռքով բանաձևել էր հոգու և մարմնի ներդաշնության հասնելու ձգտումն ու անցած ճանապարհը անփորձ վարժանք համարելով` գրել ապագայի մեծ թռիչքների մասին»:

Մեր զրուցակիցը նշեց, որ անցյալ տարվա հուլիսին տպագրված գրքի հանդեպ կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն կա: Հավելեց նաեւ, որ Չարենցի տուն-թանգարանը պատրաստվում է թարգմանել Չարենցի` առաջին հայացքից թարգմանական բարդություններ առաջացնող ժողովածուն` «Տաղարանը»:

«Իսկ այս օրերին, երբ հնարավորություն ունենք նորովի վերանայելու մեր գրական գործիչների գործերն ու արժևորելու նրանց, Չարենցի տուն-թանգարանը նախաձեռնել է բազմաթիվ ժամանցային-ուսուցողական ծրագրեր, որոնք ժամանցային եւ խորամանկ շղարշի ներքո կստիպեն այցելու-դիտողներին տրամաբանել, վերհիշել, նորից թարմացնել գիտելիքները: Եվ քանի որ մեր նպատակն է ոչ միայն չարենցասերներին ներգրավել, այլև մշակութասեր հանրությանը, ուստի ծրագրերը բազմաբովանդակ են` խաղ-վիկտորինաներ Չարենցի մասին, խաղի հաջորդ փուլում` հայ և համաշխարհային գրականության, տեսանյութ-չելենջներ, որի ընթացքում աշակերտները կարդում են սիրելի հեղինակների գործերից, երեկոյան ժամերին հնարավորություն ունեն դիտելու ֆիլմարխիվի լավագույն ֆիլմերից` Հին Երևանի, քաղաքի և շատ այլ կարևոր թեմաների մասին պատմող:

Թանգարանը վիրտուալ հարթակ տեղափոխելուն զուգահեռ` դիտողները կարող են էջում ծանոթանալ թանգարանում պահվող տվյալ իրի պատմությանը: Հետաքրքրիր արխիվային տեղեկություններ են ներկայացվում` փաստական բնօրինակներով, այսինքն` թանգարանում առկա ձեռագրերով: Թանգարանային աշխույժ գործունեությունը տեղափոխել ենք վիրտուալ դաշտ, որ դուք տանը մնաք, ժամանցը լինի հետաքրքիր և ուսուցողական: Սիրով կընդունենք առաջարկներ, թե ինչ ձևաչափով կցանկանան տեսնել թանգարանի պաշտոնական էջը: Ականջալուր կլինենք յուրաքանչյուր դիտողություն-առաջարկին: Եվ վերջում միանանք այս օրերի լավագույն կոչերին և շնորհակալություն հայտնենք մեր բուժաշխատողներին»,-նշեց Աննա Ստեփանյանը:

Իսկ զրույցի ավարտին բոլորին կոչ արեց. «Սիրելիներ, մնացեք տանը, մենք աշխատում ենք ձեզ համար»:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031