Վարչապետի տվյալներով, երկրում 2419 մեկուսացած անձիք կան, ինչպիսի՞ վերահսկողություն է իրականացվում, որպեսզի այդ մարդիկ դուրս չգան տներից եւ արդյոք եղե՞լ են մեկուսացածներ, որոնք փորձել են խախտել պայմանները, այսօր այս հարցերին ի պատասխան, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը պատասխանեց. «Երեկվա դրությամբ, ոչ մի դեպք չենք ունեցել մեկուսացված քաղաքացիների՝ պրոցեսը խախտողների վերաբերյալ: Բայց նախորդ օրը ունեցել ենք եւ կարգավորել ենք»:
Կառավարության մամուլի սրահում Հայկ Մհրյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նրանից հետաքրքրվեցին՝ մինչ այս պահը եղե՞լ են արդյոք պարետի որոշումը չկատարող քաղաքացիներ, եթե այո՝ ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել նրանք: Ոստիկանապետի տեղակալն ասաց, որ այսօր մինչեւ ժամը 16:00-ն հրահանգ է իջեցված՝ քաղաքացիների շրջանում հնարավորինս բացատրական աշխատանքներ տանել, իրազեկել, բայց նշյալ ժամից հետո կանցնեն գործողություների: Նա նաեւ ասաց, որ այդ պահի դրությամբ, 92 անձի մեքենաներից երրորդ անձի դուրս են հրավիրել, ընդհանուր օգտագործման 2 տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ էլ միջոցներ կիրառվել. «Իսկ ժամը 16: 00-ից հետո առավել խիստ ենք մոտենալու պահանջները խախտած քաղաքացիներին»:
Aravot.am-ի հարցին՝ քաղաքացիների շրջանում մտավախություն կա, որ ձեւաթղթերը նույնպես կարող են վարակի տարածման պատճառ դառնալ, քանի որ ոստիկանները գործ են ունենալու հազարավոր քաղաքացիների հետ, արդյոք ոստիկանները պահպանելո՞ւ են սանիտարահիգիենիկ կանոնները եւ նրանց ո՞վ է վերահսկելու, Հայկ Մհրյանը պատասխանեց. «Ոստիկանները փորձելու են սանիտարահիգիենիկ կանոնները պահպանել, բայց մեզնից ոչ ոք ապահովագրված չէ այդ վիրուսը կրելուց եւ հիվանդանալուց: Հնարավորության սահմաններում այնպես կծառայենք, որ այդ ձեւաթերթիկն էլ չհանդիսանա պատճառ»:
Պարոն Մհրյանին նաեւ հարցրինք՝ աղբ թափելու դուրս եկած քաղաքացինե՞րն էլ պետք է անպայման, ձեւաթուղթը լրացնեն, քանի որ կան բնակավայրեր, որոնց աղբամանները հեռու են գտնվում, Ոստիկանության պետի տեղակալը պատասխանեց, որ պետք չէ եւ, եթե ոստիկանը տեսնի, որ քաղաքացին աղբ թափելու համար է դուրս գալիս՝ կզգուշացնի, որ արագ թափի ու հետ գնա:
Կարդացեք նաև
Հայկ Մհրյանին լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ փողոցներում չեն հանդիպում հսկող ոստիկանների, չեն տեսնում, որ մարդկանց ձեւաթղթերը ստուգվում են, ոստիկանության պաշտոնյան ի պատասխան ասաց, որ ոստիկաններն իրենց քանակական ուժերի սահմաններում, ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն եւ փորձում են՝ որքան հնարավոր է ամբողջական փակել շղթան, որպեսզի կարողանան ապահովել որոշումների պահանջները:
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված թերթիկում նշված ժամից ուշ վերադառնալու դեպքում հարցին էլ, ոստիկանության պաշտոնյան պատասխանեց՝ պատասխանատվությունն ամրագրված է օրենսդրությամբ:
Մայրաքաղաքում «ԲՄՊ»-ների անհրաժեշտությունն էլ Հայկ Մհրյանը բացատրեց այսպես. «Դա պրոֆեսիոնալ մոտեցում է, կարծում եմ, ոչ ոքի իրավունքները չեն խախտվում»:
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման հետեւանքով մարտի 16-ից մեր երկրի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, ինչի հետեւանքով մարդկանց տեղաշարժն ու մի շարք տնտեսական գործունեություններ սահմանափակվել են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ