Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի համաճարակը, հանդիսանալով առաջին հերթին առողջապահական ճգնաժամ, միաժամանակ լրջագույն տնտեսական ճգնաժամ է. «Ազգային օրակարգ»

Մարտ 25,2020 13:12

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման և տնտեսական վիճակի ապակայունացման վտանգով պայմանավորված, ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացվել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ նախատեսված քայլերը, թեև անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են և չեն առաջարկում ամբողջական և համապարփակ լուծումներ:

Ըստ որոշման նախագծի, առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին առաջարկվում է տրամադրել վարկեր սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտներին՝ այդ տնտեսվարողների համար ժամանակ շահելու, պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու  և գործունեությունը շարունակելու կամ վերադասավորելու համար: Ծրագրի շրջանակներում կիրառվելու են համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և սուբսիդավորման գործիքներ: Ծրագիրը նպատակ է հետապնդում տնտեսվարող սուբյեկտների համար մեծացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը՝ մինչև 24 ամիս տրամադրվող վարկային միջոցների շնորհիվ, որոնք պետք է ուղղվեն աշխատավարձերի, հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների, կոմունալ վճարների վճարմանը, ինչպես նաև հումքի, սարքավորումների և պարենային ապրանքների ներմուծմանը:

Այս նախագծի կարևորագույն թերություններից մեկն այն է, որ վարկերի տրամադրման նպատակահարմարությունը վերապահված է վարկային կազմակերպություններին: Թեև որոշումը նախատեսում է, որ օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի կառավարության առանձին որոշմամբ, բայց այն նաև նախատեսում է, որ այդ կարգն առավելապես վերաբերվելու է տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին և միջոցառման շրջանակներում պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելուն: Կարծում ենք, որ չափազանց կարևոր է կառավարության ծրագրի իրականացումն ըստ տնտեսության ոլորտների, քանի որ ակնհայտ է, որ կան ոլորտներ, որոնք առավելապես զգայուն են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի առաջացրած խնդիրների նկատմամբ:

Այսպես, տուրիզմը և նրան հարակից ոլորտները, ինչպիսիք են կացության, ժամանցի և հանրային սննդի կազմակերպման ոլորտները և այդ ոլորտներին տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտը արդեն այսօր հայտնվել են լրջագույն խնդիրների առջև: Միաժամանակ, այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, արդյունաբերությունը, մանրածախ և մեծածախ առևտուրը առավել կայուն են ճգնաժամի առաջացրած կարճաժամկետ մարտահրավերներին դիմակայելու առումով:

Ակնհայտ է, որ ոլորտային մոտեցում չորդեգրելու պարագայում, վարկային կազմակերպությունները նախապատվություն կտան այն ընկերություններին, որոնք սակավ ռիսկային են և, հետևաբար, առանց այն էլ սուղ միջոցները կուղղվեն այն ոլորտներին, որոնք այսպես, թե այնպես, համեմատաբար կայուն են կարճաժամկետ հատվածում:

Համոզված ենք, որ կարճաժամկետ խնդիրների լուծման առումով, առաջնային պետք է լինի հենց առավել խոցելի ոլորտների աջակցությունը, ինչպիսիք են տուրիզմը և նրան հարակից ոլորտները: Այդ իմաստով, նախագծով առաջարկվող ֆինանսական միջոցների հասանելիության մեծացման ուղղված առաջարկներն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Այդ քայլին զուգահեռ անհրաժեշտ է արդեն իսկ այսօր հայտարարել այդ ոլորտների տնտեսվարող սուբյեկտների համար հարկային արձակուրդ՝ սահմանված ժամկետով: Ժամկետը պայմանավորված պետք է լինի առկա միջոցներով: Այս քայլի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույնիսկ անտոկոս և համաֆինանսավորվող միջոցներ ներգրավելը դեռևս չի ազատում այդ վարկերը առնվազն մասնակիորեն հետագայում սպասարկելու պարտավորությունից: Ակնհայտ է, որ նույնիսկ համաճարակի բարեհաջող հաղթահարումից հետո ներգնա տուրիստական հոսքերն արագ չեն վերականգնվելու և այդպիսի հոսքերի սահմանափակ աճի դեպքում այդ ոլորտի տնտեսվարողները շարունակելու են մղել գոյատևման պայքար: Այդպիսի պայմաններում լրացուցիչ ֆինանսական բեռի ակնկալիքները չեն կարող լավատեսություն հաղորդել այդ ոլորտի տնտեսվարողներին: Հարկային արձակուրդն, ըստ էության, մատնանշում է այդ լրացուցիչ ֆինանսական բեռի սպասարկման հետագա հնարավոր աղբյուրը: Առաջարկում ենք նաև իրականացնել նշված ոլորտների 2019թ. համար հաշվարկված շահութահարկի և այլ դեռևս չվճարված հարկերի տարաժամկետում: Այս քայլերը ոչ միայն կբարելավեն տնտեսվարողների լիկվիդայնությունը, այլև լավատեսություն կհաղորդեն այդ տնտեսվարողների այն կոնտրագենտներին, որոնք դրամային պահանջներ ունեն նրանց նկատմամբ: Իր հերթին, դա խթան կհանդիսանա գործող պարտավորաիրավական հարաբերությունները վերանայելու և պարտավորությունների կատարման ժամկետները վերանայելու համար։ Այսինքն, նշված ոլորտների կազմակերպությունների նկատմամբ դրամական պահանջով օժտված սուբյեկտներին այս քայլը վստահություն կներշնչի և, որպես օրինակ՝ իրենց գործընկեր տուրիստական կազմակերպությանը սնանկ ճանաչելու դիմում տալու փոխարեն,  նախապատվությունը կտրվի այդպիսի պարտավորությունների կատարման տարաժամկետմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես արդեն նշել ենք, համաճարակի հաղթահարումից հետո ներգնա տուրիստական հոսքերն արագ չեն վերականգնվելու, կարևոր է արդեն իսկ այսօր մշակել ներքին տուրիզմի խթանման միջոցառումների ավելի համապարփակ ծրագիր: Ներքին տուրիզմի խթանումը կարող է կարճաժամկետ կայունացնող դեր ունենալ, մինչև ներգնա տուրիզմի հոսքերի վերականգնումը մինչհամաճարակային մակարդակի:

Կարևոր է նաև ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ միջազգային համապատասխան կառույցներից առավել խոցելի ոլորտների օժանդակությանն ուղղված միջոցների ներգրավման ուղղությամբ: Այդպիսի քայլերը պետք է ձեռնարկվեն անհապաղ, քանի որ կանխատեսելի է, որ արդեն իսկ մոտ ապագայում նույնիսկ միջազգային ֆինանսական շուկաները բախվելու են լիկվիդայնության խնդրի հետ և նմանատիպ միջոցների հասանելիությունը խիստ նվազելու է:

Կարևոր է գիտակցել, որ կորոնավիրուսի համաճարակը, հանդիսանալով առաջին հերթին առողջապահական ճգնաժամ, միաժամանակ լրջագույն տնտեսական ճգնաժամ է: Այս պահին անհրաժեշտ է գտնել այն նուրբ հավասարակշռությունը. մի կողմից՝ համաճարակի կանխարգելման և հաղթահարման կարևորագույն գործառույթներն իրականացնելու, մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության պահպանման միջոցառումներն իրականացնելու միջև: Այդ համատեքստում, արդեն իսկ հայտարարված արտակարգ դրության խստացումը, կարծես, անհարկի սահմանափակում է նաև տնտեսության այն ճյուղերի գործունեությունը, որոնք հնարավորություն ունեն խելամիտ պաշտպանությամբ աշխատել այս պայմաններում: Այսպիսի պայմաններում կարևոր է նաև տնտեսվարողների համար բավարար ճկունություն ապահովելը: Մասնավորապես, աշխատակիցների պարտադիր զբաղվածություն ապահովելու փոխարեն, որն ի վերջո կարող է հանգեցնել տնտեսվարողների սնանկացման, ՀՀ կառավարությունը կարող է դիտարկել ժամանակավորապես պարապուրդում հայտնվածներին նպաստներ տրամադրելու մոտեցումը:

Նախագծի մեկ այլ խնդիրը կայանում է նրանում, որ այն նախատեսված է, որոշակի բացառություններով, միայն ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, և, հետևաբար, հիմնականում չի անդրադառնում մեր այն քաղաքացիներին, որոնք զբաղվում են միկրոձեռնարկատիրությամբ: ՀՀ հարկային օրենսգրքի 272 հոդվածի Հավելված 3-ով սահմանվում է այն գործունեության տեսակների ցանկը, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Այդպիսի գործունեության տեսակներից են կոշիկի, հագուստի, ժամացույցների, էլեկտրական սարքերի նորոգումը, որոշակի ուսուցման դասընթացների կազմակերպումը, պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեությունը, խնջույքավարների գործունեությունը, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցումը և այլն: Անզեն աչքով էլ նկատելի է, որ այս տեսակի գործունեությամբ զբաղվողները գտնվում են առավել խոցելի իրավիճակում և այդպիսի գործունեության բավարար չափով իրականացումը համաճարակային պայմաններում անիրական է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առանց անհատ ձեռնարկատեր ձևակերպելու են իրականացնում իրենց գործունեությունը նաև տաքսու վարորդների մեծամասնությունը, որոնց աշխատանքը նույնպես վտանգված է համաճարակի պայմաններում: Կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է ծրագրեր իրականացնեն նաև այս խմբերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Որպես գործիքակազմ կարող է կիրառվել, օրինակ, կոմունալ ծախսերի սահմանված նվազագույն չափով սուբսիդավորումը կամ այդպիսի հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից սահմանված ամսեկան նվազագույն չափով այդպիսի վճարների ներումը/տարաժամկետումը՝ ապագայում այդ հանրային ծառայությունները մատուցող ընկերություններին որոշակի հարկային արտոնությունների տրամադրման երաշխիքներով պայմանավորված: Այս համատեքստում չափազանց կարևոր է նաև ՏՄՊՀ կողմից իր գործառույթների առավել արդյունավետ կատարումը, մասնավորապես, ապրանքների գների անբարեխիղճ աճը կանխարգելելուն ուղղված ակտիվ միջոցառումների իրականացումը:

Երկարաժամկետ հատվածում, համաճարակով պայմանավորված խնդիրների կանխարգելման և լուծման տեսանկյունից, չափազանց կարևոր է տնտեսության տարբեր ճյուղերի վրա համաճարակի ազդեցության գնահատումը և մոդելավորումը և համապատասխան հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը՝ ըստ ճյուղերի, հաշվի առնելով ազդեցության չափը և ճյուղի առանձնահատկությունները: Այս փուլում կարևոր է հիմնական շեշտադրումն ուղղել բազային և համակարգաստեղծ ճյուղերի աջակցությանը և դրան ուղղել ոչ միայն ՀՀ վարչապետի կողմից հայտարարված առկա աննախադեպ լրացուցիչ ֆինանսական միջոցները, այլև, ըստ անհրաժեշտության, գնալ այդպիսի ճյուղերի օժանդակության ծրագրերի իրականացմանը՝ պետական պարտքը մեծացնելու ճանապարհով:

Հույս ենք հայտնում, որ այսուհետ իշխանությունները կգործեն ավելի օպերատիվ, քանի որ ճգնաժամային իրավիճակներում կարևոր են ոչ միայն ճիշտ քայլերը, այլև նրանց իրականացումը՝ ճիշտ ժամանակին, և հապաղումը կարող է վճռական բացասական դերակատարում ունենալ:

Նորայր ԱԱՂԱՅԱՆ

Ռաֆայել ԼԱԶԱՐՅԱՆ

«Ազգային Օրակարգ» կուսակցության տնտեսական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031