Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաճգնաժամային կառավարման շատ ցածր որակ ունենք. Արմեն Բադալյան. «Փաստ»

Մարտ 25,2020 12:11

Հակաճգնաժամային կառավարման շատ ցածր որակ ունենք: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որն իր եզրահանգումն ավելի վաղ անհրաժեշտ գործողությունների չիրականացման հանգամանքով է պայմանավորում:

«Մենք տեսանք, որ սկզբնական շրջանում այս վարակն ուղղակի արհամարհվում էր: Հայտարարվում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», հետո խոսվում այդ վիրուսը պինցետներով պոկելու, տնական օղիով այն մաքրելու մասին: Բայց պարզվեց, որ հնարավոր չէ այդ մեթոդներով պայքարել դրա դեմ: Ավելին՝ փոխանակ ապրիլի 5-ի հանրաքվեի հետ կապված հանդիպումները դադարեցվեին, շարունակվում էին: Եվ սա այն դեպքում, երբ այդ վիրուսն արդեն դուրս էր եկել Չինաստանից ու տարածվել շատ այլ երկրներում: Երկրորդ կոպիտ սխալն այն էր, որ սկզբնական շրջանում լուրջ չվերաբերվեցին կարանտինի կարևորությանն ու անհրաժեշտությանը, իսկ հետո արդեն իրականացրեցին այն, ինչ շատ այլ երկրներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը՝ շեշտելով, որ իրականում գործ ունենք ուշացած քայլերի հետ:

«Սկզբնական շրջանում համաճարակի դեմ պայքարը շատ ավելի ակտիվ պետք է լիներ, բայց տեսնում էինք, որ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, լուրջ չէին վերաբերվում այդ համաճարակին: Մինչդեռ հանրաքվեին իրենց համար ցանկալի արդյունք ապահովելու առումով ավելի լուրջ վերաբերմունք կար: Բացի այդ, ականատես էինք լինում չփոխհամաձայնեցված դիրքորոշումների, երբ, օրինակ, նախարարներից մեկը խորհուրդ էր տալիս փակել դպրոցները, մյուսը հայտարարում, որ իր երեխաներին դպրոց է տանելու: Անկազմակերպվածությունը նաև նման դեպքերից էր ակնհայտ դառնում: Վերոնշյալ բոլոր կետերով իշխանությունները ցույց տվեցին, որ, կարծես, հակաճգնաժամային կառավարման միասնական թև չեն ներկայացնում»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սկզբնական փուլին բնորոշ որոշ սխալներ այսօր էլ են կրկնվում:

Քաղտեխնոլոգը խոսեց նաև կարևոր օրինակի, ինչպես նաև բնակչության կողմից իշխանությունների խոսքը լուրջ ընդունելու, տարրական կանոնները պահպանելու խնդրի մասին:

«ԱԺ նիստի ժամանակ բոլոր պատգամավորներն իրար կողք էին նստած, չէին պահպանում սոցիալական հեռավորությունը, բացառությամբ մեկ պատգամավորի, չունեին հակահամաճարակային անհրաժեշտ միջոցները: Սա այն լավագույն օրինակներից մեկն է, երբ հայտարարվում է մի բան ու արվում ճիշտ հակառակը:

Հայտարարվում է, որ քաղաքացիները պարտավոր են սոցիալական հեռավորություն պահպանել, բայց երկրի օրենսդիր մարմնում այդ պահանջը չեն կատարում: Բայց այլ՝ ավելի կարևոր հարց կա: Այս պահի դրությամբ բնակչության մի մասը իրեն այդպես է պահում ոչ թե նրա համար, որ հակադրվելու նպատակ է դրել կամ լուրջ չի ընդունում վիրուսի հանգամանքը, այլ պատճառն իշխանություններին լուրջ չընդունելն է: Սա արդեն նկատելի երևույթ է, որն այս պահին ակնհայտ է առնվազն սաղմնային վիճակով: Այս դեպքում, բնականաբար, նրանց ասածներին լուրջ չի վերաբերվում և անում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում:

Դրա համար մեկը դիմակով է, մեկն առանց դիմակի, մեկը պահպանում է սոցիալական հեռավորությունը, մյուսը՝ ոչ»,-նշեց նա՝ հավելելով, որ այս պատկերի առկայության պատճառներից մեկն էլ հենց իշխանության՝ սկզբնական շրջանում ունեցած անլուրջ վերաբերմունքն էր:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031