Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մխիթարող է այն փաստը, որ համաշխարհային պանդեմիան արևմտյան երկրներում պիկին է հասնում այն պահին, երբ արդեն համարյա լիովին հաղթահարվել է Չինաստանում. Արա Գալոյան

Մարտ 25,2020 11:13

Արտակարգ դրությունն իրենից բացի այլ թեմա չի հանդուրժում: Իսկապես այս պահին կորոնավիրուսից զատ այլ թեմաները երկրորդ պլան են մղվել: Աշխարհի բնակչության մոտ 22 տոկոսն այս պահին ապրում է պետությունների հայտարարած կարանտինի պայմաններում: Դատելով գործընթացներից՝ կարանտին հայտարարած պետությունների քանակն ավելանում է օր օրի: Ճիշտ նույն արագությամբ, ինչ արագությամբ վերանայվում են տնտեսագիտական հիմնարար մոտեցումները:

Եվրամիության Ֆինանսների և էկոնոմիկայի խորհուրդը անդամ երկրներին թույլատրեց անտեսել գործող ֆինանսական նորմերը: Եվրամիության անդամ երկրներն իրավունք ստացան «խախտելու» բյուջետային դեֆիցիտը ՀՆԱ-ի 3 տոկոսը չգերազանցելու արգելքը: Այդ երկրները կարող են նաև մոռանալ ՀՆԱ/պետական պարտք հարաբերության 60 տոկոսը չգերազանցելու նորմը:

Պանդեմիայի պարագային, փաստորեն, երկրների կառավարություններին առաջարկվում է փորձել փրկել սեփական տնտեսությունները ցանկացած գնով: Ընդհանուր նորմ-սահմանափակումներ չկան: Վերպետական բոլոր միջազգային կառույցներն արագ-արագ վերանայում են 2020թ․ տնտեսական իրենց կանխատեսում-ծրագրերը:

Արժույթի միջազգային հիմնադրամը, որ երկու-երեք ամիս առաջ համաշխարհային տնտեսության 2-ից 2.5 տոկոսանոց աճ էր կանխատեսում, հիմա հակառակն է պնդում: Ըստ նրա փորձագետների՝ 2020-ի տնտեսական ցուցանիշներն ավելի վատ են լինելու, քան 2008թ․ ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Այսինքն` բացահայտ խոսվում է համաշխարհային տնտեսության կրճատում-ռեցեսիայի մասին:

Եվրամիության Տնտեսական խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ երկրի կառավարությունը հենց այս շաբաթ (այսինքն՝ 3-4 օրվա ընթացքում) այս տարվա բյուջեի նոր նախագիծ կներկայացնի Բունդեսթագին: Հայտարարվեցին նոր նախագծի որոշ մանրամասներ: Գերմանիայում մանր ու միջին բիզնեսին 3 ամիսը մեկ 15 հազար եվրո կհատուցվի: Կստեղծվի խոշոր տնտեսվարողների աջակցության հիմնադրամ, որին կհատկացվի 600 մլրդ եվրո: Ծրագրվում է 3 մլրդ եվրո հատկացնել երկրի հիվանդանոցներին:

Սա, պարզվեց, արևմտյան պետությունների թույլ տեղն է: Համարյա նույն արագությամբ տնտեսական ծրագրերի մասին հայտարարեց ԱՄՆ-ը: Թրամփի հայտարարությունը նախկինի նման շատ պատկերավոր էր՝ «Ամերիկան շատ շուտով կրկին կբացենք բիզնեսի առջև»: ԱՄՆ-ն միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք ունի տնտեսության նկատմամբ: Այս երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ միջոցառումների ծրագիր ընդունելուց առաջ (դեռևս մարտի 15-ին) վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվեց նվազագույնի՝ 0-0.25 տոկոս:

Նկատելի է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրամիության անդամ երկրները ճգնաժամային իրավիճակի հաղթահարման առաջին քայլ համարում են տնտեսությունը հնարավորինս շատ վարկավորելը: Հավանաբար առաջին անգամ մեծ տնտեսություն ունեցող երկրները համարյա միաժամանակ սկսում են հնարավորինս շատ «փող տպել»: Վերպետական միջազգային կառույցները տվել են իրենց համաձայնությունը: Այսօր դժվար է գնահատելը, թե ինչ հետևանք կունենան կատարվող քայլերը: Հատկապես հետաքրքիր կլինի դիտել, թե ինչ կկատարվի միացյալ արժույթ ունեցող Եվրամիության անդամ երկրների տնտեսական կյանքում: Նրանք այս պահին, կարծես, չեն փորձում միասնական քաղաքականություն մշակել: Բայց մխիթարող է այն փաստը, որ համաշխարհային պանդեմիա ասածը արևմտյան երկրներում պիկին է հասնում այն պահին, երբ արդեն համարյա լիովին հաղթահարվել է Չինաստանում: «Աշխարհի գործարան» համարվող երկրում տնտեսությունը սկսում է վերականգնվել: Ցավոք, առայժմ դժվար է ասել, թե ինչ արագությամբ և ինչ հաջողությամբ:
Իսկ մեր տնտեսության «գլխի գալիքը» հնարավոր կլինի քննարկել արտակարգ վիճակը հաղթահարելուց հետո:

Արա ԳԱԼՈՅԱՆ
Տնտեսական մեկնաբան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031