Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Բոնապարտը հրդեհեց ողջ Մոսկվան՝ բացի Հայկական նրբանցքից

Մարտ 25,2020 09:30

Ֆրանսիայի աշխարհակալ կայսր Նապոլեոն Բոնապարտի զորքերը 1812 աշնանը ներխուժում են Մոսկվա և զարմանքից քարացած՝ իջեցնում են հաղթության շեփորները: Մոսկվան մեծ խարույկ էր հիշեցնում: Բոնապարտը անզոր կատաղությունից հրամայում է գնդակահարել զորքի ճանապարհին հանդիպող մոսկվացիներին, քանզի վերջիններս որոշել էին ֆրանսիացիներին հանձնել ոչ թե իրենց քաղաքը, այլ քաղաքի մոխրե ուրվականը:

Բոնապարտը՝ Կրեմլյան պալատներում մեկ ամիս շարունակ նյարդային գիշերներ անցկացնելուց հետո, որոշում է լքել Մոսկվան, սակայն, մինչ այդ հրամայում է մայրաքաղաքում հրդեհի մատնել այն ամենը, ինչը չէին հասցրել այրել ռուսները: Ֆրանսիացիները հրդեհում են ոտքի տակ ընկած յուրաքանչյուր քար ու թուփ՝ բացի Հայկական նրբանցքից: Մոսկվայի պատմությունն ուսումնասիրողները պնդում են, որ Հայկական նրբանցքը հրդեհից փրկվում է Լազարյան եղբայրների դիվանագիտական ջանքերի շնորհիվ:

Կիտայ Գորոդ թաղամասում գտնվող Ստալպովսկի նրբանցք 18-րդ դարասկիզբին վերանվանվել էր Հայկական նրբանցքի՝ տեղում կենտրոնացած ստվար հայ համայնքի շնորհիվ, և ամբողջովին Լազարյանների տնօրինության ներքո էր: Հայկական նրբանցքում էր Լազարյանների հայտնի առանձնատունը, որը նրանք պատրաստվում էին վերածել ճեմարանի: Մեծանուն Հովհաննես Լազարյանն արդեն կնքել էր մահկանացուն և չունենալով արու զավակ՝ իր ողջ կարողությունը կտակել էր եղբորը՝ Հովակիմ (Եկիմ) Լազարյանին:

Լազարյանների անվան արևելյան լեզուների ճեմարանը իր դռները բացում է 1815 թվականին՝ վերոհիշյալ պատմական պահից ընդամենը երեք տարի անց: Արդեն պատկառելի տարիքում գտնվող Եկիմ Լազարևը, ըստ էության, կարողանում է անել անհնարինը, քանի որ Նապոլեոնի արշավի ժամանակ հրդեհվել էին Կրեմլի մոտակայքում տեղակայված Լազարյանների մետաքսեղենի պահեստները՝ պատճառելով ահռելի ֆինանսական վնաս: Իսկ ամենասարսափելին այն էր, որ այդ պատերազմում՝ Լայպցիգի պարիսպների տակ զոհվել էր Եկիմի երիտասարդ որդին՝ Հարություն Լազարյանը: Չնայած այդ ամենին, Եկիմը հետևում է եղբոր՝ Հովհաննես Լազարյանի պատգամին և ճեմարանի ստեղծման համար նրա կտակած 200 հազար ռուբլուն ավելացնելով ևս 300 հազար իր միջոցներից՝ հիմնում է Լազարյանների անվան արևելյան լեզուների ճեմարանը:

Լազարյան ազնվատոհմ եղբայրները իրենք էլ, թերևս, չէին պատկերացնում, թե իրենց բարի կամքի դրսևորմանը ինչպիսի փառահեղ ապագա էր սպասվում: Ի սկզբանե, նրանք նպատակ ունեին ստեղծել դպրության կենտրոն, որտեղ չքավոր հայ ընտանիքների մանուկներին անվճար կուսուցանեին գիր ու գրականություն: Երբ սկսվում են պարապմունքները Մոսկվայի «Հյուսիսային արխիվ» ամսագիրը հոդված է հրապարակում ճեմարանի մասին, որտեղ հեղինակը հիացմունքով նկարագրում է ժամանակի համար անսովոր շենքային հարմարավետ պայմանները՝ մաքուր, լուսավոր և կահավորված դասասենյակներ, ճաշարան, ննջասենյակներ և չափազանց հարուստ գրադարան:

Ժամանակի ընթացքում Ճեմարանի համբավը տարածվում է Կայսրության սահմաններից դուրս: Դիմորդներն արդեն ոչ միայն չքավոր հայ ընտանիքների երեխաներն էին, որոնք, ի դեպ, ուսանում էին անվճար և ստանում էին կրթաթոշակ, այլ երկրի տարբեր անկյուններից ժամանած շնորհալի պատանիներ: Ճեմարանում դասավանդում էին Մոսկվայի Պետական Համալսարանից հրավիրված լավագույն գիտնականները: Ուսումնական ծրագրում հայերենից, թուրքերենից ու պարսկերենից բացի, ներառված էր նաև եվրոպական մի քանի լեզվի ուսուցում: Գերազանցիկները, անկախ ազգությունից, նույնպես, ստանում էին խրախուսական կրթաթոշակ՝ Լազարյան ընտանիքի կողմից: Հոգաբարձուների խորհուրդը ուսանողներին պարբերաբար գործուղում էր Մերձավոր և Միջին Արևելք՝ լեզվի իմացությունը կատարելագործելու նպատակով:

Արխիվային փաստաթղթերը փաստում են, որ 1834 թվականի հոկտեմբերի 4-ին ճեմարանում մեծ իրարանցում էր տիրում: Ստուգայցով ճեմարան էր ժամանելու Նորին կայսերական մեծություն Նիկոլայ Առաջինը՝ թագաժառանգի ուղեկցությամբ: Պատմական այդ ժամանակահատվածում Ցարական Ռուսաստանը կարիք ուներ արևելքը ճանաչող և արևելյան լեզուներին տիրապետող փայլուն դիվանագետների և կայսրը կայացնում է խորաթափանց որոշում՝ այդ առաքելությունը վստահել Լազարյան ճեմարանին: 1848 մայիսի 10-ին Նիկոլայ Առաջինը ուսումնական հաստատությանը շնորհում է պետական ինստիտուտի կարգավիճակ և տալիս այն բոլոր առավելություններն ու իրավունքներն, ինչպիսիք ունեին Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Իր պատմության ընթացքում Լազարյան ինստիտուտը պատրաստում է մի շարք խոշոր գիտնականներ և դիվանագետներ, որոնց թվում էին Իվան Զինովևը՝ Ռուսական Կայսրության փայլուն դեսպաններից մեկը Թուրքիայում և Պարսկաստանում, Իվան Դելյանովը, որը Հովակիմ Լազարյանի թոռն էր և 15 տարի շարունակ զբաղեցնում էր Կայսերական Ռուսաստանի Լուսավորության նախարարի պաշտոնը, Լորիս Մելիքովը՝ Ռուսաստանի ներքին գործերի լեգենդար նախարարը, գիտնական Վլադիմիր Գորդլիևսկին, որը 300 անուն գիտական աշխատություն ունի թուրքերեն, այդ թվում Հայոց Ցեղասպանության մասին, պատմաբան Ագաֆանգել Կրիմսկին, որը տիրապետում էր 16 լեզվի և Ինստիտուտի պատմական ֆակուլտետի դեկանն էր, Վլադիմիր Մինորսկին, որը հետագայում Քեմբրիջի Համալսարանի փայլուն արևելագետներից մեկն է դառնում, և այլք:

Ինստիտուտի երկարամյա հոգաբարձուն՝ Եկիմի ավագ որդի Իվան Լազարևը, հաստատության առանց այդ էլ հարուստ գրադարանը համալրելու նպատակով նախ հասնում է նրան, որ արտասահմանից ինստիտուտի համար ներմուծվող գրականությունը ազատում են հարկագանձումներից, ապա որոշում է կրթօջախին կից տպագրատուն հիմնել, որտեղ, ի դեպ, տպագրվում է Ֆեոդոր Դոստոևսկու առաջին «Երկերի ժողովածուն»: Իր գոյության ընթացքում ինստիտուտի գրադարանը համալրվում է 40 000 միավորից ավել գրականությամբ, որից պարբերաբար օգտվում էին Ա. Պուշկինը, Հ. Այվազովսկին, Գրիբոյեդովը: Այդ գրականության մի մասն այսօր պահվում է Հայաստանի ազգային գրադարանում, Մատենադարանում, ՄԳԻՄՈ-ի արխիվներում: Յուրաքանչյուր նմուշի վրա կարող եք տեսնել Լազարյան տպագրատան յուրօրինակ կնիքը:

20-րդ դարասկիզբը ճակատագրական է դառնում ոչ միայն Կայսրական Ռուսաստանի, այլ նաև Լազարյան ճեմարանի համար: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պարապմունքները ինստիտուտում դադարեցվում են, իսկ 1918-ին մեկընդմիշտ փակվում է մեծահռչակ կրթօջախը, որը հարյուր տարվա ընթացքում թրծել էր ժամանակի լավագույն արևելագետներին: Շենքը սկսում են շահագործել որպես Սովետական Հայաստանի մշակույթի տուն, որը, նույնպես, փակվում է 1953 թվականին: Լազարյան ինստիտուտի հիմքի վրա ստեղծվում է ՄԳԻՄՈ-ն՝ Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Համալսարանը, որն այսօր աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի թվում է: Իսկ պատմության անիվը շարունակում է իր ընթացքը և հասնում այն կետին, երբ Հայաստանը ձեռք է բերում անկախ պետականություն: Լազարյանների երբեմնի առանձնատունը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Այսօր այնտեղ տեղակայված է ՀՀ դեսպանությունը ՌԴ-ում:

Ավելացնենք նաև, որ իրենց ինստիտուտի հարևանությամբ մեծանուն բարերարները 1779 թվականին կառուցել էին նաև Մոսկվայի առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Խաչը: Այն կառուցվել էր Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատերինե և Սուրբ Հարություն հայկական եկեղեցիների հետ միաժամանակ՝ Եկատերինա 2-րդ կայսրուհու բարեհաճությամբ և Հովհաննես Լազարյանի անձնական միջոցներով: Պետք է նշել, որ թե Մոսկվայի, և թե Պետերբուրգի հայկական եկեղեցիները չեն ունեցել զանգակատուն:

Մոսկվայի Սուրբ Խաչը քանդում են 1930 ականներին, իսկ Պետերբուրգի Սուրբ Կատերինեն զանգակատուն է ունենում միայն 1865 թվականին: Զանգակատուն չունի սակայն, բարեբախտաբար մինչ օրս կանգուն է Մոսկվայի մյուս հայկական եկեղեցին՝ Սուրբ Հարությունը, որը նույնպես Լազարյան ընտանիքի ժառանգությունն է: Վագանկովյան գերեզմանատան տարածքում տեղակայված հոգևոր այդ կոթողը կառուցել է Մինաս Լազարյանը՝ Հովհաննեսի կրտսեր եղբայրը: Մինասը պետական գործիչ էր, Հայոց կաթողիկոսի հավատարմատարը ռուսական արքունիքում: Տարածքում գնելով ընդարձակ հողակտոր՝ Մինասը իրականում նպատակ ուներ հայկական համայնքի համար ապահովել գերեզմանատեղի, քանի որ Մոսկվայի իշխանությունները արգելել էին քաղաքի կենտրոնական եկեղեցիների բակում հուղարկավորում կատարել: Եկեղեցին օծվել է 1815 թվականին՝ Լազարյան ճեմարանի բացմանը զուգընթաց:

Եկեղեցու հարևանությամբ կառուցվել է և մինչ օրս գործում է Սգո տուն, որը հիմնել են Ջամգարով (Ջամգարյան) եղբայրները՝ ի հիշատակ ահաբեկիչների կողմից սպանված իրենց եղբորը՝ մեծանուն բանկիր Իսահակ Ջամգարովի: Այդ մասին, սակայն, հաջորդիվ:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031