Հարցազրույց արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի հետ։
– Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Մեր նախորդ հարցազրույցից մեկ ամիս է անցել։ Այդ ժամանակահատվածը հակիրճ ինչպե՞ս կբնութագրեք։
– Ընդհանրապես հետանկախական ՀՀ-ում եւ Արցախում գրեթե բոլոր ընտրություններն ուղեկցվել են վարչական ռեսուրսների, պետական միջոցների օգտագործմամբ եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ։ Մի տեսակ տխուր ավանդույթ է դարձել դա։ Երեւի պատճառն այն է, որ հատկապես վերջին երեք տասնամյակում իշխանությունը, բարձր պաշտոնը դիտվում է որպես հարստություն կուտակելու միջոց, աներեւակայելի մեծ կարողության տեր դառնալու հնարավորություն։ Եվ տարիներ շարունակ ընտրապայքարը հիմնականում ընթանում է մի կողմից նոր ուժերի իշխանության գալու, մյուս կողմից՝ պետության ղեկի մոտ գտնվողների կողմից իշխանությունը չտալու, վերարտադրվելու համար։
Ցավոք, Արցախի նախագահական եւ խորհրդարանական այս ընտրությունները բացառություն չեղան, չնայած տարիներ շարունակ այն կարծիքն էր իշխում, որ Արցախում ընտրություններն ավելի ազատ, արդար ու թափանցիկ են անցնում, քան Հայաստանում։ Թերեւս ճշմարտության մաս կար դրանում, որովհետեւ Արցախում ընտրություններից առաջ պաշտոնական Երեւանում նախապես որոշվում էր, թե ով պիտի ընտրվի նախագահ, ինչ քաղաքական ուժեր պիտի գլխավորեն խորհրդարանը եւ այլն։
Կարդացեք նաև
Այսօր Երեւանն այլեւս որոշիչ ազդեցություն չունի ընտրությունների վրա։ Ընդամենը կարող է դիտորդի կարգավիճակով երաշխավոր լինել՝ ընտրակեղծիքներ թույլ չտալու համար։ Անկախ Երեւանի դիրքորոշումից, Արցախում սուր պայքար է ծավալվել ոչ միայն իշխանության համար, այլեւ առնվազն երկտասնամյակում կուտակածը պաշտպանելու համար։
– Հաճախ ենք լսում Արցախում վախի մթնոլորտի մասին։ Իսկապես նման մթնոլորտ կա՞։
– Տարիներ շարունակ քարոզարշավի ժամանակ առավել շատ քաղաքացիներ են հավաքվում իշխանական թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ։ Եվ առավելապես՝ պետական ծառայողներ, որոնց մեջ պարբերաբար նկատում եմ մարդկանց, որոնք դժգոհ են բարձրագույն իշխանություններից եւ հանդիպմանը ներկայանում են աշխատանքը չկորցնելու վախից։ Նույն վախի պատճառով նրանք խուսափում են ընդդիմադիր թեկնածուների հետ հանդիպումներից։ Եվ հաճախ այդ վախը շատերին ստիպում է քվեարկել ոչ արժանի թեկնածուի օգտին։ Նրանց թվում է, թե չորս կողմից հետեւում են իրենց…
– Ընտրակաշառքի մասին ակնարկներ էլ կան։ Իրո՞ք ընտրակաշառք բաժանելու դեպքեր կան։
– Անձամբ ես երբեք չեմ հանդիպել ընտրակաշառք բաժանող մարդկանց։ Ոչ ինձ, ոչ իմ հարազատներին որեւէ մեկն ընտրակաշառք չի առաջարկել։ Բայց Արցախում ամեն քայլափոխի կարելի է լսել «փողեր բաժանելու» մասին։ Եվ դա վկայում են տարբեր խավի եւ տարբեր թեկնածուների ու քաղաքական ուժերի սատարող մարդիկ։ Անգամ Արցախի նախագահի թեկնածուներն ու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն են դա փաստում։ Օրինակ, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն ասում է. «Արդարությունը որտե՞ղ է, մեշոկով փող են բաժանում…»։ Նույնն է ակնարկում նաեւ Արցախի նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյանը. «Որպեսզի պարզ լինի, թե մինչ օրս ինչու ենք զոհ ունենում առաջնագծում կամ, թե ինչու տեղի ունեցավ քառօրյան՝ շրջեք Արցախում ու տեսեք, թե ինչ գումարներ են ծախսվում նախընտրական փուլում»:
Իսկ հայտնի խոսք կա՝ «Առանց կրակ ծուխ չի լինում»։ Հատկապես երբ որոշ թեկնածուներ չթաքցնելով այդ փաստը, փորձում են այլ երանգներ տալ ընտրակաշառք կոչվող անօրինությանը. «Դե, ի՞նչ վատ բան կա նրանում, որ մարդ ինչպես նախկինում, այսօր էլ է բարեգործություն անում, օգնություն ցույց տալիս կարիքավորներին, աջակցում մարդկանց՝ տանիքը վերանորոգելու» եւ այլն։
Կարծում եմ, ցանկության դեպքում երեւի կարող են ներկայացնել։ Չգիտեմ, գուցե իրոք ներկայացրել են։ Սովորական դարձած մի փաստ ներկայացնեմ։ Արցախի նախագահի թեկնածուներից մեկի հանդիպումը պիտի լիներ քաղաքացիների հետ։ Մինչեւ հանդիպումը սկսելն արդեն տոնական տրամադրություն էին ստեղծել այնտեղ։ Մանկապատանեկան համույթի երեխաներն էին պարում։ Հետո լսեցի, որ պարող երեխաներին յուրաքանչյուր հանդիպման համար 5 հազարական դրամ են տվել։ Երկու օրում երեխաները 20 հազարական դրամ են ստացել։ Հիմա եկեք մտածենք՝ նրանց ծնողները, հարազատները կարո՞ղ է չքվեարկեն իրենց երեխային կամ թոռանը 20 հազար դրամ տված մարդու օգտին։ Արդյո՞ք սա ընտրակաշառք չէ։
– Օրեր առաջ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց ընդհարումների, տասներեք քաղաքացիների ձերբակալման, ապա ազատ արձակելու մասին: Կա՞ր պատճառը։
– «Արցախի հեղափոխական կուսակցությունը» Մարտունիում հանդիպում պիտի ունենար ընտրողների հետ։ Սակայն Մարտունու քաղաքապետի ղեկավարությամբ ճանապարհը փակել են։ Հաջորդ օրն այդ կուսակցության ներկայացուցիչները հայտարարելով, որ անօրինությունը իշխանությունների հրահանգով է կատարվել, ի պատասխան դրա, իրենք էլ Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկն են փակել։ Ոստիկանները կոպիտ ուժ են գործադրել, ճանապարհը բացել, ճանապարհը փակող երիտասարդներին բերման ենթարկել, հետո ազատ արձակել։
– Պարոն Օվյան, ստացվում է, որ միջադեպ հրահրողը իշխանություննե՞րն են։
– Ցավով պիտի արձանագրեմ, որ մեզ մոտ այն կարծիքն է տարածված, որ քարոզարշավի ժամանակ շատ խախտումներ, անօրինություններ կատարվում են կամ իշխանությունների գիտությամբ, կամ նրանց լուռ համաձայնությամբ։
Օրինակ, օրերս երեւանյան լրատվամիջոցներից եմ իմացել մեզ մոտ քրեական ինչ-որ սկանդալի մասին։ Արցախյան որեւէ լրատվամիջոց այդ մասին բառ անգամ չի գրել, Արցախի հանրային հեռուստատեսությունը չի անդրադարձել այդ տխուր փաստին, բայց ահա, նույն այդ հեռուստատեսությունն իր արխիվում պեղել-հայտնաբերել է երկու տասնամյակ առաջ մարտի 22-ին Ստեփանակերտում կատարված ահաբեկչության մասին կադրեր եւ սիրով հրամցրել հեռուստադիտողին։ Մինչդեռ մարտի 22-ի գործը վաղուց քննվել-ավարտվել է. մարդիկ են դատվել եւ ազատազրկվել, մարդիկ են պատժվել, կրել պատիժն ու վաղուց ազատ արձակվել։ Ի դեպ, տարիներ առաջ հայկական ինչ-որ հեռուստաալիքով կադրեր եմ տեսել, որտեղ տուժողն ու մեղադրվողը կամ տուժածն ու մեղադրվածը՝ Արկադի Ղուկասյանն ու Սամվել Բաբայանը, մի ինչ-որ միջոցառման ժամանակ հանգիստ, ժպտալով իրար հետ զրուցում են։
Ես անկեղծորեն կհավատայի, որ տեղի հեռուստատեսությունն ահաբեկչությունը դատապարտելու համար է հանկարծ հիշել եւ եթեր արձակել մեր պատմության անցյալ դարձած սեւ էջը, եթե նույն այդ հեռուստատեսությունը լուսաբանած լիներ վերեւում հիշատակվող սկանդալային դեպքը։
Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որը սատարում է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին։ Կասկած չկա, որ ազատ եւ անկախ գործունեությամբ երբեւէ աչքի չընկած տեղի հեռուստատեսությունը քարոզարշավի այս եռուն ու լարված օրերին պատահական չի հիշել եւ հեռարձակել երկտասնամյա վաղեմության կադրերը՝ ակնհայտ հակաքարոզչություն անելով կողմերից մեկի դեմ։
– Աշխարհում կորոնավիրուսի հետ կապված լարված վիճակ է։ Մի շարք երկրներում արտակարգ դրություն են մտցրել։ Հայաստանում՝ նույնպես։ Արցախում արդյո՞ք չեն ուզում թեկուզ ինչ-որ սահմանափակումներ մտցնել՝ մարդկանց միջեւ շփումները նվազեցնելու համար։
– Առայժմ կարծես նման մտադրություն չկա։ Այստեղ բնականոն աշխատանքը շարունակվում է՝ աննշան սահմանափակումներով։ Շարունակվում է նաեւ քարոզարշավը, փակ կամ բաց տարածքներում շարունակվում են հանդիպումները քաղաքացիների հետ։ Մարտի 31-ին կայանալիք ընտրությունների կապակցությամբ Արցախի ԿԸՀ-ում արդեն հավատարմագրվել են 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաեւ շուրջ 4 տասնյակ ԶԼՄ-ների մոտ 200 ներկայացուցիչներ։
Հաշվի առնելով աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված վիճակը, Արցախի նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանը, Վահան Բադասյանը, Ռուսլան Իսրայելյանը եւ այլք հանդես են եկել հայտարարությամբ, Արցախի նախագահին առաջարկելով այստեղ եւս հայտարարել արտակարգ դրություն։ Սակայն դեռ արձագանք չկա:
Հարցազրույցը`
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
24.03.2020