Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չի համարվում»

Մարտ 25,2020 12:30

Հարցազրույց բժիշկ-սեքսոլոգ Հովհաննես Հակոբյանի հետ

– Բժիշկ, ձեր մասնագիտությունն ի սկզբանե եղել է ու կլինի թրենդային: Սա, իհարկե, կեսկատակ-կեսլուրջ: Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի առկայության դեպքում, ի՞նչ եք կարծում, սեռական հարաբերություններն է՞լ պետք է սահմանափակել:

– Ընդհանրապես, արտակարգ իրավիճակներում եւ հենց, օրինակ, ամուսինների դեպքում, սեռական ֆունկցիան մեծ մասամբ մղվում է երկրորդային պլան: Համաճարակային աղետներն ու դրանցից բխող իրավիճակները, ինչ խոսք, իրենց ազդեցությունն են ունենում ցանկացած ընտանիքում: Մի փոքր հեռվից գամ՝ մարդն, ըստ էության, կենտրոնանում է իր համար կենսական կարեւոր խնդիրների լուծման վրա եւ դա նորմալ է: Սեռական ֆունկցիան երկու բաղադրիչ ունի. հաճույք ստանալու եւ բազմանալու: Իսկ երբ մարդը հոգեպես լարված է, կոնկրետ՝ մեր օրերում, ունի բազում խնդիրներ, ավելին՝ որոշակի վախեր, բնականաբար,  դա խանգարում է լիարժեք հաճույք ստանալուն: Մինչդեռ սեռական հաճույք ստանալու համար անհրաժեշտ է, որ ուղեղը հանգիստ լինի եւ, ընդհանրապես, փաստ է, որ լարվածության պայմաններում ոչ միշտ է, որ, ասենք՝ ամուսինները «հաջողություններ» են գրանցում:  Կորոնավիրուս չարիքի դեպքում սեռական հարաբերություններ ասելով եկեք չսահմանափակվենք՝ նկատի ունենալով ամուսնական զույգերին:

– Այսինքն՝ ամուսինները, կրկնում ենք, խոսքը ամուսինների մասին է, կարող են հանգիստ զբաղվել սեքսով:

– Իհարկե, կարող են: Սեռական կյանքի հետ կապված կորոնավիրուսը խնդիրներ չի առաջացնում: Եթե նրանք առողջ են կամ այլ գանգատներ չունեն, միանգամայն հանգիստ կարող են ապրել սեռական կյանքով:

Ըստ էության, սեռական կյանքն ավելի լայն հասկացություն է, քան սեռական ակտը: Գուցե կոպիտ հնչի, բայց սեռական ակտը ավելի բնազդային է, մինչդեռ սեռական կյանքն ավելի ընդհանուր գաղափար է, որը ենթադրում է երկու անհատների միջեւ փոխհարաբերություններ: Գանք դարձյալ կորոնավիրուսին. մի կողմից մեկուսանալը գուցե անհրաժե՞շտ է հենց ամուսիններին: Տեսեք՝ շատ հաճախ նրանք այնքան զբաղված են լինում իրենց մասնագիտական աշխատանքով, որ զրուցելու ժամանակ անգամ չեն ունենում: Այո, տանը մնալու օրերը լավ առիթ են ընտանեկան միջավայրում «ջան ասել-ջան լեսելու համար»: Ի վերջո, պետք է գիտակցել, որ սիրով զբաղվելը պարտադիր չէ, որ ավարտվի սեռական ակտով:

– Ձեր խոսքը վերաբերում է ամուսնական զույգերին, բայց չամուսնացածներն էլ ունեն, չէ՞, բնություն: Հնարավոր է, չէ՞, որ սեռական ճանապարհով հաճույք ստանալու ցանկությունն այնքան մեծ լինի, որ մարդը չկարողանա իրեն զսպել:

– Չի բացառվում, հնարավոր է: Բայց հավատացնում եմ, որ նման իրավիճակները այդքան էլ մեծ տոկոս չեն կազմում: Մենք՝ բժիշկներս, խորհուրդ ենք տալիս հնարավորինս զերծ մնալ «ընդհանուր օգտագործման վայրերից» (նկատի ունի հյուրանոցները, մոթելները…):

– Սեքսոլոգիայում առկա է «ինքնաբավարարում» տերմինը…

– Հասկանալի է: Դա համարվում է սեռական կյանքին փոխարինող ձեւ:  Ի դեպ, իրավիճակից ելնելով, այն մենք ենք համարում նորմալ կամ պաթոլոգիկ: Նորմալը հիմնականում դեռահասների շրջանում է, որոնց շուրջ 90 տոկոսը զբաղվում է ձեռնաշարժությամբ: Դա, իհարկե, նորմալ է պատանեկան հիպերսեքսուալության շրջանի համար: Կան դեպքեր, երբ մարդն ունի ցանկություն, սակայն չկա հնարավորություն, օրինակ՝ հենց զուգընկերոջ բացակայությունը: Այս խնդիրը տասնամյակների պատմություն ունի: Հայ տղամարդիկ էին, չէ՞, գնում, ասենք՝ ռուսաստաններ, երկարաժամկետ աշխատելու նպատակով… Իմացած եղեք, որ մեր տղամարդկանց մոտ եղել են ու կան այնպիսիները, որոնք պարզապես ցանկություն չեն  ունեցել, չունեն՝ դավաճանելու սեփական կնոջը:

– Ձեր խոսքերից երեւում է, որ սեռական հարաբերությունները զուտ անձնական են, ինչը այդպես էլ կա: Հետաքրքիր է՝ այս համաճարակի շրջանում պացիենտներ ունե՞ք: Եթե այո, ապա ի՞նչ հարցերով են նրանք մասնագետին դիմում:

– Ինչպես հայտնի է, այս օրերին բժիշկներս աշխատում ենք հնարավորինս սահմանափակել շփումը պացիենտի հետ, շփվում ենք օնլայն: Դուք ինքներդ ասացիք, որ դա զուտ անձնական է եւ թույլ տվեք չբարձրաձայնել պացիենտներիս հարցերը: Կուզեի մեր հանրությանը տեղեկացնել, որ կորոնավիրուսը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չի համարվում:

– Մենք ավանդապահ ու ավանդապաշտ ազգ ենք, բայց ունենք սեռական կյանքով ապրող փոքրամասնություններ…

– Եկեք չառանձնացնենք ոչ ավանդական սեռական կյանքով ապրող անձանց: Բոլոր տեսակի ու տիպի սահմանափակումների հետ կապված բժշկական խորհուրդները վերաբերում են բոլորին՝ անկախ սեռական կողմնորոշումից…

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031