Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Շագալի երեք կանայք

Մարտ 25,2020 13:00

Կամ՝ ինչպես իրականացավ գնչուհու գուշակությունը

Kulturologia.ru-ն հանրահայտ նկարիչ Մարկ Շագալի կյանքն ու ստեղծագործությունը թռիչք է որակել: Ըստ նույն աղբյուրի, դեռ երեխա ժամանակ գնչուհին կանխատեսել էր, որ յուրահատուկ կյանք է ունենալու, գուշակություն էր  արել նաեւ երեք կանանց հանդեպ նրա մեծ սիրո ու կյանքը թռիչքի մեջ ավարտելու  մասին: Իսկապես գուշակություններն իրականություն են դարձել, Շագալն ամուսնացել է երեք անգամ:

Նրա առաջին սերը Բելլա Ռոզենֆելդն էր, Շագալը նրան հանդիպեց ծանոթներից մեկի տանը, երբ 22 տարեկան էր ու սիրահարվեց առաջին հայացքից: Նա հենց նույն պահին հասկացավ, որ հենց Բելլան է լինելու իր կինը, ուրիշ ոչ ոք: Այդ ժամանակ երիտասարդ նկարչին ոչ բոլորն էին լուրջ վերաբերվում, եւ միայն Բելլան էր հասկանում, որ իր առաջ տաղանդավոր մարդ է կանգնած: Նա վստահ էր, որ Շագալի հետ երջանիկ կլինի:

Բելլա Ռոզենֆելդը հարուստ ոսկերչի դուստր էր, նա փայլուն կրթություն էր ստացել, հետաքրքրված էր արվեստով, կանանց համար նախատեսված արվեստի բարձրագույն կուրսերի էր մասնակցում: Մարկ Շագալը Բելլայի հետ իրեն զգում էր անկշռելիության վիճակում, ու հետագայում  իր մի շարք նկարներում  սիրած էակին պետք է պատկերեր թռիչքի մեջ: Նրանք նշանվեցին, եւ մեկ տարի անց Շագալը մեկնեց Փարիզ: Բոլորը Բելլային գուժում էին, որ իբր Շագալը լքել է իրեն, սակայն երիտասարդ կինը չէր հավատում:

1915թ.  Շագալն իսկապես վերադարձավ, ու նրանք ամուսնացան, եւ մեկ տարի անց ծնվեց նրանց դուստրը՝ Իդան: 1922-ին նկարիչն ընտանիքով տեղափոխվեց Կաունաս, ապա Բեռլին, հետո Փարիզ, որը նա անվանում էր «իմ Վիտեբսկ»: Տարիներ անց նրանք հայտնվեցին  ԱՄՆ-ում: Բելլայի մահից հետո Մարկ Շագալն ինն ամիս վրձին չվերցրեց, նա ծանր տարավ սիրելիի մահը: Արդեն 28-ամյա դուստրը՝ Իդան, գիտակցում էր, թե ինչ ծանր է անդրադառնում հոր վրա միայնությունը, նա օրերով անգամ հաց չի դնում բերանը:

Իդան իրենց տուն հրավիրեց Վիրջինիա Հագարդին, որպեսզի տան գործերով զբաղվի, ընդ որում՝ Վիրջինիան դիմագծերով հիշեցնում էր Բելլային: Վիրջինիան, որ 25 տարով երիտասարդ էր նկարչից, իսկապես փրկություն դարձավ նրա համար: Իհարկե, նա չկարողացավ փոխարինել Շագալի կնոջը, բայց գոնե լցրեց նրա կյանքը: Շագալը նրանից որդի ունեցավ՝ Դեվիդը, կյանքը փոխվեց եւ կրկին սկսեց ստեղծագործել: Նրանք այդպես էլ օրինական ամուսիններ չդարձան, նույնիսկ Շագալի երեխան էլ կրում էր մոր ամուսնու ազգանունը, որից Վիրջինիան չէր բաժանվել: Հետագայում Վիրջինիան  լքեց Շագալին, բաժանվեց օրինական ամուսնուց նույնպես, եւ կյանքը կապեց մի բելգիացի լուսանկարչի հետ, որդուն էլ տանելով իր հետ: Շագալի որդին հետագայում հայտնի երաժիշտ դարձավ:

Նկարիչը կրկին հայտնվեց դեպրեսիայի ճիրաններում, եւ դուստրը երկրորդ անգամ սկսեց հոր համար ընկերուհի փնտրել: Նա համոզեց Վալենտինա Բրոդսկայային գոնե ժամանակավորապես դառնալ հոր գործընկերը: Վալենտինան Իդայի  Փարիզի նորաձեւության սրահի հետ էր համագործակցում, նաեւ սեփական նորաձեւության սրահ ուներ Լոնդոնում: Վալենտինան, կամ Վավան՝ ինչպես նրան Շագալն էր անվանում, միանգամից դուր եկավ նկարչին, եւ 1952թ. նրանք ամուսնացան: Հունաստանում ունեցած ամուսնական ճանապարհորդությունից վերադառնալուց հետո նրանք հաստատվեցին Նիսի մոտակայքում գտնվող փոքրիկ Սեն-Պոլ-դե-Վանս քաղաքում: Բնավորության ուժեղ գծերով օժտված Վալենտինան կարողացավ հասնել նրան, որ Շագալը չշփվի,  իր կարծիքով, անկարեւոր մարդկանց հետ, սկսեց հսկել նրա նամակագրությունն անգամ դստեր ու որդու հետ, հասավ նրան, որ Մարկ Շագալը  գիտակցի իր տաղանդն ու արժեքը՝ որպես նկարիչ: Շագալի նկարները սկսեցին շատ բարձր գնով վաճառվել: Նկարիչը խոստովանեց, որ իրեն սկսել է դուր գալ կնոջ ստեղծած այն «բանտը», որտեղ ինքն է ապրում: Միակ բանը, որ չկարողացավ Վալենտինան ջնջել Շագալի կյանքից, Բելլայի հանդեպ ունեցած մեծ ու անփոխարինելի սերն էր: Բելլան նկարչի համար մնաց բացառիկ կին, ինչպես գուշակել էր գնչուհին՝ երեխա ժամանակ: Շագալի «թիչքային» նկարներում  կարելի է հանդիպել Բելլային, ում հետ նկարիչն ապրեց 29 երջանիկ տարիներ:

1985թ. մարտի 28-ին, երբ Մարկ Շագալը վերելակով իր տուն էր բարձրանում, նրա սիրտը կանգ առավ: Նկարիչը մահացավ «թռիչքի» մեջ՝ վերելակում:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Kulturologia.ru-ից:

«Առավոտ» օրաթերթ,
24.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031