Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում անդրադարձավ կիրառվող սահմանափակումների տրամաբանությանը։
«Մինչ այս մեր բոլոր ջանքերը եղել են միմիայն կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ՝ շատ կենտրոնացած։ Եվ մեկ դեպքի հետ կապված, խոսքը արտադրամասի դեպքի մասին է, մեզ համար պատկերը մի փոքր ավելի մտահոգիչ էր։ Այնուամենյանիվ, մենք ամբողջական շղթայով կարողանում ենք հետևել, բայց մոտակա յոթ օրերի ընթացքում պետք է խնդրենք, որ մնաք տանը, դուրս գաք տնից միայն բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Գնաք հնարավորինս այն տեղեր, որտեղ սնունդ պետք է գնեք և շուտ վերադառնաք տուն»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանը հավելեց, որ առաջիկա յոթ օրերի ընթացքում փորձելու են վարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնել. «Նոր տեխնոլոգիական գործիքներ ենք կիրառելու՝ ավելի արդյունավետ հայտնաբերելու և կանխարգելելու կորոնավիրուսի դեպքերը։ Հենց կառավարությունում տեղակայվել է, այսպես ասած, որոնողական մի շտաբ, որը որ այս յոթ օրերի ընթացքում պետք է արդյունավետորեն ամբողջական գործիքակազմը զարգացնի և հասցնի այն մակարդակի, որ մենք հնարավորություն ունենանք յոթ օր հետո այս սահմանափակումներից դուրս գալ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ